Իմ դղյակը
Կարմիր նուռն է,
Իմ դեմ բաց է
Նրա դուռը:
Կեղևի մեջ
Ամեն հատիկ
Ինձ թվում է
Սիրուն զատիկ:
Փոքրիկ նուռ է,
Բայց մեծ աշխարհ,
Կարող եմ ես
Ապրել հարմար:
Ամեն հատիկ`
Մի հայելի,
Հարց է տալիս
Զարմանալի:
Թողած արև,
Թողած աստըղ,
Եկել ես դու
Ապրես այստեղ:
Չի հասկանում
Ոչ մի հատիկ,
Որ հատիկ եմ
Ես էլ պստիկ:
Էդուարդ Միլիտոնյան