Sidebar

Բանաստեղծություն Սևանա լճի մասին

ՍԵՎԱՆ

Հույսից ծնված դու լույս-աղբյուր,

Վանա լճի հարազատ քույր,

Դու սարերում մեր երկնահաս

Կապույտով լի հսկա մի թաս:

Քեզ արծվաբույն լեռները մեր

Ձեռքերի մեջ պահել են վեր,

Պահել են քեզ արևին մոտ,

Որ դու լինես միշտ արևոտ,

Որ երկինքը հնամենի

Քո կապույտից կապույտ առնի,

Որ լույս դառնաս օջախներին,

Որ դառնաս մայր աղբյուրներին,

Որոնց համար հոսում-հոսում

Ու մոր պես քեզ չես ափսոսում,

Քիչն առնում ես, շատը տալիս:

Ա՜խ, այնպես է սիրտս լալիս,

Պակասում ես, ախր, քիչ-քիչ,

Կապուտաչյա իմ հրաշք լիճ:

 

Պատվական Խաչատրյան