Sidebar

Երեխաների սոցիալական հմտությունները զարգացնող խաղեր /մաս 3-րդ/

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է  երեխաների շփման կարողությունների զարգացմանը նպաստող խաղերի 3-րդ շարքը: Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ:

ԽԱՂ 9: Ի՞նչ տեսք ունեն զգացումները

Խաղավարը երեխաներին հաջորդաբար ցույց է տալիս տարբեր նկարներ, որտեղ պատկերված են բարկացած, ուրախ, տխուր կամ վախեցած երեխաներ: Ապա  խնդրում է կռահել պատկերված երեխաների զգացումները (եթե երեխաները չեն կռահում, խաղավարն օգնում է նրանց): Այնուհետև առաջարկում է ցույց տալ նույն զգացումները  (խաղավարն ինքն էլ երեխաների հետ ցույց է տալիս դրանք):

ԽԱՂ 10: Տերևաթափ

 

Խաղավարը բարձրացնում է թղթե տերևը սեղանից մոտ մեկ մետր բարձրության վրա, ապա բաց թողնում: Նա երեխաների ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե ինչպես է տերևն օրորվելով սահուն իջնում սեղանի վրա: Ապա խնդրում է երեխաներին իրենց ձեռքերը տերևներ դարձնել: Խաղավարը նորից բարձրացնում է «տերևը», երեխաները նույնպես ձեռքերը

բարձրացնում են վեր: Խաղավարը բաց է թողնում «տերևը», այն դանդաղ իջնում է սեղանին: Երեխաները պետք է նույնն անեն` իրենց ձեռքերը դանդաղ, սահուն իջեցնեն սեղանին «տերևի» հետ միաժամանակ: Վարժությունն անհրաժեշտ է անել մի քանի անգամ:

ԽԱՂ 11: Ով է ապրում տնակում

Երեխաները «մտնում են» իրենց տները` այսինքն` յուրաքանչյուրը ձեռքերն իրար է միացնում տանիքի նման ու պահում իր գլխավերևում: Խաղավարը թակում է յուրաքանչյուրի «տնակը» և հարցնում. «Ո՞վ է ապրում այս տնակում»: Երեխան ասում է իր անունը, ապա պատասխանում խաղավարի հարցերին, ասենք` «Ի՞նչ ես ամենաշատը սիրում», «Ի՞նչ կարող ես անել բոլորից լավ» և այլն:

ԽԱՂ 12: Ի՞նչ է զգում փիսիկը

Խաղավարը երեխաներից մեկի ականջին ասում է իրենց ծանոթ զգացմունքներից մեկը` ուրախություն, տխրություն, թախիծ: Երեխան պետք է փիսիկ «դառնա» ու մլավոցով արտահայտի այդ զգացմունքը: Մյուսները փորձում են կռահել, թե նա ինչ զգացմունք է ուզում արտահայտել: Արդյուքնում երեխաները սովորում են, որ մարդու ձայնից կարելի է իմանալ, թե նա ինչ է զգում: