Sidebar

Երեխաների սոցիալական հմտությունները զարգացնող խաղեր - մաս 1

Այսուհետև «Իմ փոքրիկ»-ը շարունակաբար կներկայացնի հոգեբանների կողմից խորհուրդ տրվող խաղեր, որոնք կոչված են զարգացնելու երեխաների հաղորդակցական կարողությունները:

Այս խաղերը կարելի է խաղալ բակում կամ առիթներին, երբ տանը շատ երեխաներ են հավաքվում:

ԽԱՂ 1: Քնքուշ անուն

Խաղավարը հարցնում է երեխաներից յուրաքանչյուրի անունը, իսկ հետո խնդրում է երեխաներին նրա անունը քնքշացնել (օրինակ` Գոհար-Գոհարիկ, Գագիկ-Գագուլիկ): Եթե երեխաները չեն կարողանում հորինել քնքուշ անուն, խաղավարը կարող է հարցնել. «Ինչպե՞ս են քեզ կոչում տանը մայրիկը կամ տատիկը»:

ԽԱՂ 2: Նրան քնքուշ անուն տուր 

Խաղավարն իր «կախարդական փայտիկով»  երեխային  «դարձնում է» ինչ-որ կենդանի: Վերջինս փորձում է պատկերել այդ կենդանուն, իսկ մյուսները հորինում են, թե ինչպիսի քնքուշ բառեր ասեն նրան: Օրինակ` կատու, կատվիկ, փիսո, փիսիկ, փիսուլիկ և այլն: Օգտագործում են երեխաներին հայտնի կենդանիների անուններ, ինչպես, նապաստակ (արագավազիկ, ճագարիկ) և այլն:

ԽԱՂ  3: Ողջու՛յն, ես կատվիկն եմ

Խաղավարն իր ձեռքին հագցնում է տիկնիկային ներկայացման համար օգտագործվող խաղալիք-կատվիկ (կարող է լինել նաև այլ խաղալիք) և առաջարկում է հերթով մոտենալ ու բարևել կատվիկին: Յուրաքանչյուր երեխա սեղմում է կատվի թաթը և ներկայանում է ինչ-որ քնքուշ անունով:

Օրինակ.

-Ողջույն, ես կատվիկն եմ:

Ողջույն, ես Նանուշիկն եմ:

ԽԱՂ 4:  Ով ինչպես է ուրախանում

Խաղավարն ասում է, որ երբ երեխաներն ուրախանում են, նրանք ծիծաղում են, իսկ երբ ուրախանում են շնիկները, ուրախ հաչում են, կատվիկներն ուրախ մլավում են: Իսկ  հետո երեխաները խմբով ցույց են տալիս, թե ինչպես են ուրախ հաչում շնիկները, մլավում կատուները, ծլվլում ճնճղուկները և այլն:

Խաղերը՝ ըստ «Այնքա՜ն ծանոթ և այնքա՜ն անծանոթ… մեր երեխան» գրքի

Երևան, 2006թ.