«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է երեխաների շփման կարողությունների զարգացմանը նպաստող խաղերի 2-րդ շարքը: Շարքի առաջին մասը կարող եք գտնել այստեղ:
ԽԱՂ 5: Նապաստակը զանգահարում է հեռախոսով
Անհրաժեշտ է երկու խաղալիք հեռախոս: Խաղավար-նապաստակն առաջարկում է երեխաներից մեկին իր հետ խոսել հեռախոսով: Նապաստակը սկզբում բարևում է երեխային, իսկ հետո հարցնում է. «Դու այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Ինչո՞ւ»:
ԽԱՂ 6: Դառնանք պլաստիլիններ
Խաղավարն ընտրում է երեխաներից մեկին ու առաջարկում դառնալ պլաստիլինի մի կտոր, որից կարելի է ինչ-որ բան սարքել: Առաջին հերթին պլաստիլինը պետք է փափկացնել: Խաղավարը իբրև թե պլաստիլինից ինչ-որ կենդանի է ստանում: (Ականջին ասում է կենդանու անունը, և երեխան իրեն պահում է այդ կենդանու նման): Մյուս երեխաները գուշակում են, թե ինչ կենդանի է նա դարձել:
ԽԱՂ 7: Ինչի՞ց է վախենում նապաստակը
Խաղավարը երեխաներին պատմում է.
-Լինում է, չի լինում, մի նապաստակ: Նա շատ լավ է ապրում, ունի սիրելի հայրիկ, մայրիկ, եղբայր, քույրիկ, տատիկ և պապիկ: Միայն մի բան կա, որը նրան տխրեցնում է: Նա ինչ-որ բանից շատ է վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է վախենում նապաստակը (երեխաները հերթով պատասխանում են հարցին):
Եվ այսպես, նապաստակը վախենում է… (խաղավարը թվարկում է այն ամենը, ինչ երեխաներն ասել էին, օրինակ, աղվեսից, գայլից, արջից...):
Հետո խաղավարը երեխաներին առաջարկում է շարունակել պատմությունը, հորինել, թե ինչ է պատահում նապաստակին, ինչպե՞ս է լինում, որ նա այլևս չի վախենում: Երեխաները հորինում են իրենց պատմությունները:
ԽԱՂ 8: «Աու՜»
Երեխաներից մեկը շրջվում է ու կանգնում մեջքով դեպի խումբը: Նա անտառում է և կորել է: Մյուսները հերթով կանչում են նրան. «Աու՜»: Կորածը պետք է գուշակի, թե ով է իրեն կանչում, ով է, որ իր մասին հոգ է տանում: