Մի ժամանակ մարդ է եղել Կապիկը,
Բայց կեղտոտ է միշտ էլ եղել շապիկը,
Որովհետև ներկարար է նա եղել:
Միշտ կանչել են մեր տուն-ձեր տուն՝ լավ տեղեր,
Ու շա՜տ լավ էլ վարձ է առել Կապիկը,
Որ պատ ներկի,
Որ ներկի դուռ,
Բայց ոչ անդուր,
Տարբեր բաներ՝ տարբեր գույնով,
Ոչ թե նույնը միշտ էլ նույնով:
Իսկ ներկարար մեր Կապիկը՝ անփույթը,
Ունեցել է միայն կարմիր-կապույտը,
Ու ներկել է ոչ այնքան մեր հատակը,
Որքան իր պոչի տակը,
Ոչ այնքան մեր պատերը,
Որքան հենց իր մատերը:
Եվ մի օր էլ, երբ մարդկանց
Հոգուն է նա հասցրել,
Բոլորը մեկ հավաքվել են ժողովի,
Էլ չեն թողել, որ ճղավի-բղավի,
Ոչ էլ ուզել կամ չուզել են հարցրել
Ու... կապիկ են դարձել:
Չե՞ք հավատում՝ գազանանոց գնացեք
Ու կտեսնեք, որ կապիկի պոչի տակ
Մինչև հիմա դեռ կարմիր է մնացել,
Իսկ մատների եղունգի տակ անփույթը
Մինչև հիմա չի լվացել կապույտը:
Պարույր Սևակ