Sidebar

Սագիկ-գնացքը

Գնացքը քնեց օրորոցայինից: Այն փոքրիկ սագիկի մասին էր: Իսկ օրորոցայինը երգում էր փոքրիկ Մանեն: Հայրիկից էր սովորել, հայրիկը՝ պապից, իսկ պապը երևի ոչ էլ գիտեր, որ ինքն էլ Ղ. Աղայանից է սովորել: Մանեի հայրիկը լավ ձայն ուներ ու դստեր համար ինքն էր օրորոցային երգում: Մանեն էլ ժառանգել էր հայրիկի լավ ձայնը ու հիմա մայրիկի հետ տատիկի տուն գնալիս գնացքում երգում էր.

«Սագիկ-մագիկ, իմ սիրունիկ,

Ես քեզ կտամ քաղցրիկ կուտիկ,

Որ դու ուտես, շուտ մեծանաս,

Ուրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,

Ես կխնդրեմ իմ մայրիկին,

Որ նա ժողվե քո փետուրներ

Եվ ինձ համար շինե բարձեր»:

Լսեց, լսեց գնացքը, մեղեդին նրան անչափ դուր եկավ, ու հանկարծ աչքերը փակվեցին: Չնայած նա մեծ գնացք էր և երբեք էլ փոքրիկ չէր եղել, որովհետև գնացքները հենց այդպես մեծ-մեծ էլ ծնվում են, բայց մեր գնացքը չդիմացավ օրորին. այն չափազանց հաճելի մեղեդի ուներ: Բայց պատկերացնու՞մ եք` ինչ կարող է պատահել, եթե գնացքը քնի ճանապարհի կեսին: Բա որ ընկնի՞ երկաթգծից…

Նրան ու նրա ուղևորներին փրկեց միայն այն, որ գնացքները սովոր են իրենց միալար ձայնին: Քնի մեջ էլ անգիր հիշում են ռելսերի վրա մնալու ձևը:

Եվ այսպես՝ գնացքը քնեց ու երազ տեսավ:

Երազում սագիկ կար` փոքրիկ, փոքրիկ սագիկ, բայց այդ սագիկը ոչ թե քայլում էր, այլ գնացքի նման ընթանում էր երկաթգծով: Նա իսկական կենդանի սագիկ էր, որպիսին գնացքը հաճախ էր տեսել գյուղերի միջով անցնելիս, բայց բացի երկաթգծով ընթանալուց` մի տարօրինակ գնացքային հատկություն էլ ուներ: Նրա աջ թևը կարելի էր հետ տանել ու ներս մտնել: Սագիկն իր մեջ էր առնում աշխարհի բոլոր երեխաներին, բայց տեղը միշտ էլ հերիքում էր, թեև նա սովորական սագիկի մեծություն ուներ: Դա անչափ զվարճալի էր երեխաների համար, իսկական մանկական երկաթուղի, հրաշք: Երեխաները շարունակ համոզում էին մայրիկներին, որ իրենց այգի տանեն ու նստեցնեն հրաշք սագիկ-գնացքը: Բայց սագիկ-գնացքը նաև նրանով էր անսովոր ու հրաշալի, որ կարողանում էր կռահել երեխաների ցանկությունները: Միշտ հայտնվում էր այն երեխայի տան առաջ, որը ցանկացել էր նստել իր մեջ: Միայն թե աշխարհում քիչ երեխաներ գիտեին նրա գոյության մասին:

Բանն այն է, որ մեր սագիկը մենակ չէր ապրում: Սագիկը ծնվել էր գնացքներ արտադրող մի գործարանում: Նրան ստեղծել էր անսովոր ու վառ երևակայություն ունեցող մի մարդ, թեև ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է: Բայց այնքան մեծ էր մարդու երազանքը, և նա այնքան լավ էր տիրապետում գնացքներ սարքելու մասնագիտությանը, որ մի օր կարողացավ ճիշտ քանակությամբ խառնել երկաթը, էլեկտրաէներգիան, երազանքը, իսկ վերջում էլ սագիկի փետուրներ ավելացնել կախարդական գնացքի վրա, որ դուր գա երեխաներին: Վերջապես սագիկը պատրաստ էր:

Այդ գիշեր գյուտարարը որոշեց գործարանում թողնել իր ստեղծած գնացքը, որպեսզի առավոտյան արևի լույսի տակ նայի նրան և անհրաժեշտության դեպքում որոշ լրացումներ անի: Միայն թե նա չգիտեր, որ գործարանի աշխատակիցներից մեկը հետևում է իրեն ու հարմար պահի սպասում՝ իրականացնելու իր չար մտադրությունը:

Երբ գյուտարարը տուն գնաց, գործարանի աշխատակիցը զգույշ և ուշադիր շուրջը նայեց: Համոզվելով, որ բացի իրենից արդեն ոչ ոք չի մնացել գործարանում, վերցրեց հրաշք սագիկին ու դրեց պարկի մեջ: Նա որոշել էր օգուտ քաղել այս զարմանալի գնացքից ու դրա միջոցով գումար վաստակել: «Կտանեմ այգի,- մտածում էր նա,- ու ցույց կտամ երեխաներին: Երեխաները կցանկանան նստել նրա մեջ, մայրիկներն էլ ստիպված կլինեն գումար վճարել դրա համար»: Մարդը չգիտեր, որ սագիկի գյուտարարը այնպիսի երազանք է խառնել նրա բաղադրությանը, որ սագիկը երազանքներ գուշակող լինի և ոչ մի հրամանի չենթարկվի: Դա ազատ գնացք էր, որ կարող էր գնալ ուր ուզեր: Երբ նա շարժվում էր, անմիջապես երթուղու երկայնքով երկաթգիծ էր հայտնվում, հետո նորից անհետանում:

Առաջին օրը գրեթե գող գնացքագործի ուզածի պես անցավ: Հենց որ երեխաները տեսնում էին հրաշք սագիկին, էլ ոչ մի ուրիշ կարուսել չէին ուզում նստել, ու մայրիկները վճարում էին հրաշք կարուսելի համար: Բայց բոլորը զարմանում էին, որ անգամ դեռ մայրիկներին չխնդրած` գնացքը հայտնվում էր ուղիղ այն փոքրիկի դիմաց, որը դեռ նոր միայն տեսել էր սագիկին ու ցանկացել նստել նրա մեջ: Սագիկն, իհարկե, գաղափար անգամ չուներ, որ գործարանի աշխատակիցը գումար է վաստակում իր միջոցով: Նա մոտենում էր նաև այն փոքրիկներին, որոնց մայրիկների դրամը հենց նոր վերջացել էր բոլոր կարուսելները փորձելուց: Մայրիկները համոզում էին բալիկներին, որ մի ուրիշ անգամ կնստցնեն նրանց սագիկ-գնացքը, բայց հենց այդ պահին սագիկը մոտենում էր փոքրիկին, բարձրացնում թևը, ու փոքրիկն ուրախ ծիծաղով հայտնվում էր նրա մեջ: Գործարանի աշխատակիցը հասկացավ կատարվածը: Նա փորձում էր թույլ չտալ դա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում կանգնեցնել սագիկ-գնացքը: Մայրիկները ներողություն էին խնդրում գործարանի աշխատակցից` չիմանալով, որ սագիկ-գնացքի համար միայն ուրախություն է փոքրիկներին զվարթացնելը, իսկ այդ մարդը ոչ մի կապ չունի նրա հետ:

Հաջորդ առավոտյան գող գնացքագործը մտավ նկուղ, որ այնտեղից հանի սագիկ-գնացքն ու նորից մանկական զբոսայգի գնա: Բայց ի՜նչ տեսավ… Գնացքն այնտեղ չէր: Բանն այն է, որ նախորդ օրը սագիկ-գնացք նստած փոքրիկները տուն էին վերադարձել ու զարմացած պատմել էին իրենց քույրիկներին, եղբայրներին, մանկապարտեզի ու բակի ընկերներին, թե ինչ հրաշալի կարուսել են նստել: Բոլոր երեխաները սկսել էին երազել այդ զարմանալի գնացքի մասին: Իսկ քանի որ սագիկը զգում էր անգամ մոլորակի ամենահեռվում ապրող երեխաների երազանքները, կարողացել էր դուրս գալ չար գնացքագործի նկուղի պատուհանից: Գող գնացքագործը ենթադրել անգամ չէր կարող, որ նույնիսկ օդում կարող է երկաթգիծ հայտնվել, եթե երեխաները շատ ցանկանան:

Երկար ժամանակ գնացքագործը մտածում էր, թե ուր է կորել սագիկ-գնացքը, մինչև մի օր նրա հարևանի երեխան, որ պատահաբար տեսել էր սագիկ-գնացքը իրենց տանիքի վրա, զարմացած չպատմեց նրան այդ մասին.

-Գիտե՞ք, գնացքագո՛րծ քեռի, ես մայրիկիս պատմեցի այդ մասին, բայց նա ինձ չհավատաց: Ես էլ որոշեցի Ձեզ պատմել, որովհետև Դուք գնացքներից գլուխ եք հանում ու պիտի որ մի բան լսած լինեք այդ սագիկ-գնացքի մասին: Ես շատ եմ ուզում նստել այդ գնացքը…

Հենց որ նա արտասանեց այս խոսքերը, հանկարծ հարևան տան հետևից ոսկեգույն երկաթգիծ հայտնվեց, իսկ մեկ վայրկյան հետո` հրաշք սագիկը: Նա եկավ ոսկեգույն երկաթգծով և կանգնեց ուղիղ փոքրիկի դիմաց: Երեխայի ուրախությանը չափ ու սահման չկար, իսկ գող գնացքագործը հանկարծ հասկացավ, թե ինչպես է աշխատում այդ տարօրինակ փոքրիկ գնացքը: Եվ նա սկսեց մտածել, թե ինչպես կարող է կանխել այդ հրաշքը:

Իսկ ինչպե՞ս են սովորաբար կանխում հրաշքները: Գող գնացքագործը շատ էր ուզում այս մասին ամեն բան իմանալ, որ կարողանա ընտրել ամենահարմար և արդյունավետ մեթոդը: Նա ինտերնետի ,Google» որոնման համակարգում գրեց հենց այդ նախադասությունը. «Ինպես են կանխում հրաշքները»:

Նա շատ հիասթափվեց, երբ ոչ մի կարգին բան չգտավ: Դեռ հակառակը, մարդիկ այնտեղ հրաշքներն ավելացնելու մասին էին գրում: Գող գնացքագործը մտքերի մեջ ընկավ: Երկար-բարակ ապարդյուն մտածելուց հետո նա չարությունից ինտերնետում գրեց. «Հրաշքները կանխելու համար ոչ մի առանձնահատուկ բան էլ պետք չէ: Բավական է միայն մոռանալը»:

Մի օր էլ, երբ հարևանի փոքրիկը նորից ցանկացավ նստել հրաշք գնացքը, գող գնացքագործին հաջողվեց թակարդը գցել սագիկին: Նա ուժեղ մագնիսների օգնությամբ իր կողմը քաշեց ոսկեգույն երկաթգիծը ու կողպեց սագիկին նկուղում:

Բայց ինչպե՞ս խափանել կախարդական գնացքի երազաշարժությունը՝ չվնասելով նրան: Ոչ մի կերպ դա չէր հաջողվում գող գնացքագործին: Մեքենաներին աշխատելու համար անհրաժեշտ է բենզին, բնական գազ, դիզելային վառելիք, բայց որ երազա՜նք անհրաժեշտ լինի… Դա ոչ մի կերպ չէր տեղավորվում գող գնացքագործի գլխում:

Փորձերից մեկի ժամանակ նա սագիկ-գնացքի գլխամասում հալեցրած երկաթ ավելացրեց: Ինքն էլ չհասկացավ՝ ուրախացավ, թե տխրեց, երբ դրանից հետո նկատեց, որ սագիկի աչքերը չեն փայլում: Բանն այն է, որ ամեն անգամ, երբ մի փոքրիկ երազում էր, սագիկ-գնացքի աչքերը փայլում էին: Գող գնացքագործը չիմացավ, որ խախտել է երկաթի ու երազանքի չափաբաժինը…

Եվ նրա հույսերը չարդարացան: Գնացքն արդեն պիտանի չէր մանկական երկաթուղի աշխատելու համար: Գող գնացքագործը նրան գործարան տարավ ու վերաձևեց-դարձրեց սովորական մեծական գնացք:

Երբ Մանեին ու մայրիկին տեղափոխող գնացքն արթնացավ, արդեն ամեն ինչ հիշել էր… Նա հասկացավ, թե ինչ էր կատարվել իր հետ. գող գնացքագործի ավելացրած երկաթն իր հիշողության մեջ էր լցվել…

Եթե ձեզանից որևէ մեկին երբևէ բախտ վիճակվի նստել այդ գնացքը, երգեք նրա համար: Ինչպե՞ս տարբերել նրան աշխարհի հազարավոր գնացքներից՝ դժվար է ասել: Դրա համար էլ երևի ճիշտ կլինի ճանաչելուց առաջ երգելը: Փոքրիկ Մանեին ճանաչողները պատմում են, որ նա մի անգամ տեսել է՝ ինչպես են բացվել գնացքի աչքերը…

 

Հեղինակ`

փոքրիկ Մեսրոպի  մայրիկ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ