Sidebar

Մեսրոպը, գնդակն ու արեգակի գիրքը

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայրիկն առավոտյան համբուրեց Մեսրոպին ու նրա կարմրած թուշիկը արևի նմանեցրեց: Մեսրոպն արևի հետ ծանոթ էր: Մեսրոպը գնդակ շատ էր սիրում: Ի՞նչ ընդհանուր բան կա գնդակի ու արեգակի միջև՝ շատ պարզ. ընդհանուրն իհարկե «գակ»-ն է, որ մեսրոպերեն նշանակում է գնդակ:

Եվ Մեսրոպը մայրիկին ոչ միայն արեգակ աչուկներով նայեց, այլև արեգակ թուշիկներով: Եվ հանկարծ… զարմա՜նք… Մայրիկի աչքի առաջ Մեսրոպի թուշիկը փայլեց ինչ-որ անսովոր ոսկեգույն փայլով: Գուցե մեղավորը պատուհանից

ընկած արևի շողն էր, գուցե մեկ այլ բան, Մեսրոպը կկոցեց աչուկներն ու բարձրաձայն ասաց «գակ»: Հետո մայրիկը չհասկացավ, թե ինչպես Մեսրոպի թաթիկների մեջ հայտնվեց նրա ամենասիրելի փոքրիկ գնդակը:

Մինչ մայրիկը մտածեց, որ գնդակը երևի վերմակի տակ է եղել, գնդակը Մեսրոպի մատիկների արանքներից սկսեց փայլել իսկական արևի նման: Հիմա արդեն մայրիկն էլ կկոցեց աչքերը: Թեև Մեսրոպը դեռ ինն ամսական էր և քայլել չգիտեր, բայց կարողանում էր բռնել օրորոցի ճաղերից ու կանգնել:

Նա ոտիկներով մի կողմ հրեց վերմակն ու կանգնեց: Այդ ընթացքում գնդակը դուրս թռավ նրա թաթիկից ու սկսեց ճոճվել օդում՝ ճիշտ Մեսրոպի ուսի մոտ: Փայլն ավելի ու ավելի էր ուժեղանում: Մի քանի վայրկյան անց գնդակը թռավ ու ընկավ մայրիկի մահճակալին դրված հեքիաթի գրքի վրա: Ինքնիրեն բացվեց գրքի այն էջը, որտեղ մի ծիծաղկոտ արև էր պատկերված: Գնդակն սկսեց ուրախ թռվռալ նկարի վրա այնքան, որ արևը նկարից պոկվեց ու թռավ ուղիղ Մեսրոպի թուշիկին: Ինքն իր արածից շփոթված՝ նա խուտուտ տվեց Մեսրոպի աչուկները, թուշիկն ու դունչիկը, ապա օդում մի պտույտ գործեց ու թռավ դեպի գնդակը: Մեսրոպն այդ ընթացքում հրճվալից ճռվողյունով ծափ էր տալիս ու ՛՛գակ-գակ՛՛ բացականչում: Իսկ մայրիկը զարմանքից քարացել էր:

Արևը ճիշտ գնդակի մեծության էր, երկուսն էլ Մեսրոպի թուշիկի չափ: Մեսրոպը մի թաթիկով բռնեց արևը, մյուսով՝ գնդակը, ու գնդակ-արեգակնային ծափիկ ստացվեց: Այդ ծափիկից արևը հանկարծ սկսեց հոսել-լցվել գնդակի մեջ: Գնդակն ավելի ու ավելի պայծառացով: Մի պահ նույնիսկ շրթունքներ հայտնվեցին նրա դեմքին, և նա ժպտաց լայն ու արևաբար: Հետո արեգակ-գնդակը թռավ գրքի դատարկ էջին ու նույն պահին լուսանկարվեց: Գրքի էջին հիմա սովորական արեգակի փոխարեն արեգակ-գնդակ էր: Ու ստացվեց այնպես, որ արդեն պետք էր վերափոխել հեքիաթը. չէ՞ որ փոխվել էր նկարը: Եվ որպեսզի հեքիաթն իսկական լիներ, հեքիաթին արև-տղա էր պետք: Մայրիկը հանեց Մեսրոպին օրորոցից ու լուսանկարեց նրան: Լուսանկարն անմիջապես թռավ մայրիկի հեռախոսից ու նստեց արեգակ-գնդակի նկարի կողքին:

Իսկ թե ի՞նչ արեց Մեսրոպը հեքիաթում արեգակ-գնդակի հետ՝ մայրիկը դեռ չի կարդացել, բայց անպայման կկարդա: Այս հեքիաթում նա միայն հասցրեց իմանալ, որ մայրիկները գրում են իրենց արև-բալիկներին, իսկ արև բալիկները՝ իրենց արևի գիրքը: Եվ որ շատ կարևոր է՝ բոլոր բալիկները կարող են լինել հեքիաթում, եթե որոշեն հորինել:

Հեղինակ` փոքրիկ Մեսրոպի մայրիկ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ