Sidebar

Փոքրիկ Արայիկը

Արայիկն արդեն 6 տարեկան էր, բայց չգիտես ինչու դեռ շատ փոքրիկ էր երևում ու չէր կարողանում վարժ խոսել: Այդ պատճառով էլ թաղի երեխաները նրա մականունը «Թզուկ» էին դրել: Արայիկը չէր  վիրավորվում նրանցից, հանգիստ պատասխանում էր բոլորին, ով իրեն «Թզուկ» էր անվանում: Նա չէր տխրում թզուկի մասին երգի թզուկի նման, որը շատ էր ուզում մեծանալ, բայց չէր կարող: Արայիկն ուղղակի մտածում էր, որ երևի ինքը երկու անուն ունի` Արայիկ ու Թզուկ: Իսկ ավելի ճիշտ, նա այդ մասին ընդհանրապես չէր մտածում:

Մայրիկը  վաղուց խոստացել էր Արայիկին, որ նրան Հանրապետության հրապարակ համերգի պիտի տանի: Արայիկը շատ-շատ

ուրախացավ, որ նա մի օր վերջապես կատարեց իր խոստումը:

Հանրապետության հրապարակը շատ-շատ մեծ ու լուսավոր էր: Ամեն բան այնքան գունավոր էր ու սիրուն, որ Արայիկը շարունակ հրճվում էր: Վատը միայն այն էր, որ հրապարակում շատ-շատ մարդ կար, ու բոլորն էլ նրանից շատ բարձրահասակ էին: Մայրիկն ասաց, որ հրապարակը համերգի պատճառով է այդքան մարդաշատ: Արայիկը հետ էր գցում գլուխը, որ կարողանա շուրջը նայել, բայց ամեն տեղ մարդկանց խիտ շարքեր էին, ու երևում էր միայն մթնած երկինքը: Աստղերն էլ չգիտես ինչու անտեսանելի էին: Արայիկը շատ էր ուզում խնդրել մայրիկին, որ գրկի իրեն, բայց իսկույն մտածեց, որ արդեն մեծ տղա է ու բավական ծանր է. մայրիկը կհոգնի: Այդպես նա երկինք էր նայում` փորձելով գոնե փոքրիկ ճեղքեր հայտնաբերել այդ շատ բարձրահասակ մարդկանց իրար սեղմված մարմինների մեջ: Հանկարծ սկսվեց երաժշտությունը, և ողջ հրապարակը թնդաց ծափահարություններից ու գոչյուններից: Արայիկն ավելի ետ գցեց գլուխը, ու այս անգամ օդում բազմաթիվ գունավոր փուչիկներ տեսավ: Պատկերն այնքան գեղեցիկ էր, որ Արայիկն  էլ սկսեց ծափահարել, բայց ոչ թե  բեմում երգող երաժիշտներին, որոնց չէր տեսնում, այլ փուչիկներին: Այդ ժամանակ մայրիկը գրկեց նրան, որ երեխան գոնե բարձրից կարողանա նայել շուրջը, բայց Արայիկի համար արդեն միևնույն էր: Համերգն արդեն չէր հետաքրքրում նրան, իսկ երկինքը  կարելի էր տեսնել թեկուզ մարդկանց բազմության մեջ: Փուչիկները վեր, շատ վեր էին բարձրանում, այնքան, որ դառնում էին մի կետի չափ, հետո դառնում էին անտեսանելի, կորչում էին ինչ-որ տեղ: «Ախր ու՞ր կարող են գնալ այս փուչիկները»,- մտածում էր Արայիկը: Նա այդ մասին հարցրեց մայրիկին, ու մայրիկն էլ սկսեց փուչիկներին նայել: Նրան այնքան դուր եկավ տեսարանը, որ երկուսով որոշեցին դուրս գալ խիտ ամբոխից և ինչ-որ համեմատաբար ազատ մի տեղից նայել փուչիկներին:

-Մա՛մ,- ասաց Արայիկը, իսկ ես մտածում էի, որ դու ավելի շատ ուզում ես համերգ նայել:

-Ուզում էի, բալիկս, բայց միևնույն է` ոչինչ չեմ տեսնելու: Ավելի լավ է` արի միասին այնքան նայենք այն կանաչ փուչիկին, մինչև այն չքանա մեր աչքից:

-Ո՞ր մեկին, մա՛մ, չեմ տեսնում:

Մայրիկը պարզեց ցուցամատը ուղիղ դեպի հրապարակի ժամացույցի վերևը, եռագույնից էլ վեր, շատ վեր, ու Արայիկը գտավ այդ կանաչ փուչիկը:

-Տեսա, տեսա, մա՛, նայի՛ր,  ի~նչ էլ արագ է թռչում…

Փուչիկը, քամուց օրորվելով, բարձրանում էր: Արայիկն այնքա~ն կուզենար հիմա նստած լինել այդ փուչիկի վրա…

-Մա՛մ,- հանկարծ ոգևորված հարցրեց նա, ասես ինչ-որ շատ կարևոր գյուտ էր արել:

-Մա՛մ,- նորից կրկնեց նա ու ձեռքով  դեպի իրեն դարձրեց մայրիկի դեմքը, որովհետև մայրիկը ուրիշ կողմ էր նայում,- այս փուչիկների ծայրին փչելուց հետո երկար թել են կապում, չէ՞:

-Այո՛, բալիկս, փուչիկը թելով կապում են, որ օդը միջից դուրս չգա:

-Մա՛մ, ուրեմն կարելի՞ է բռնել այդ թելից ու փուչիկի հետ թռչել երկինք:

Մայրիկը ժպտաց ու պատասխանեց.

-Չէ՛, անուշի՛կս, դրա համար դու շատ թեթև պիտի լինես, այնքան փոքրիկ ու թեթև, որ փուչիկը կարողանա բարձրացնել քեզ:

Արայիկը մի պահ մտածեց, ապա ասաց.

-Մա՛մ, բայց ես ախր հենց շատ փոքրիկ եմ: Եթե ես այդքան թեթև չեմ, որ կարողանամ փուչիկով թռչել, ուրեմն ինչու՞ են ինձ թզուկ ասում:

Մայրիկը մի պահ լուռ նայեց Արայիկին, ապա ասաց.

-Անուշի՛կս, դու այնքան փոքրիկ չես, որ կարողանաս փուչիկով օդ բարձրանալ, բայց այնքան փոքրիկ ես, որ նայես երկինք և ուրախանաս փուչիկներով: Երբ մեծանաս, քեզ այլևս ոչ ոք թզուկ չի ասի, բայց հիմա էլ ոչ մի ուշադրություն մի՛ դարձրու դրան և մի՛ նեղացիր երեխաներից: Թզուկները միայն հեքիաթներում են լինում, ուրեմն մտածի՛ր, որ դու արդեն մի քիչ հեքիաթի բալիկ ես:  Դու հենց հիմա կարող ես փակել աչուկներդ և պատկերացնել, որ փուչիկով օդ ես բարձրանում:

Մայրիկն ու Արայիկը փակեցին աչքերը, և Արայիկին նույնիսկ թվաց, որ ինքը շատ-շատ վերև է բարձրացել, և նույնիսկ մի քիչ վախեցավ: Նա ամուր փաթաթվեց մայրիկին ու ասաց.

-Մա՛մ, բայց ի~նչ բարձր է այստեղ: Համ էլ ցուրտ է: Ի~նչ լավ եղավ, որ ինձ տաք շոր հագցրիր…

Մայրիկը ծիծաղեց ու ասաց.

-Տեսնու՞մ ես, քաղցրիկս, եթե դու այդքան փոքրիկ չլինեիր ու մարդկանց մեջ չնեղվեիր, գուցե երբեք էլ երկինք չնայեիր ու չտեսնեիր փուչիկները: Այդ դեպքում մենք երբեք փուչիկով օդ չէինք բարձրանա:

Եվ մայրիկը համբուրեց Արայիկին ու շնորհակալություն ասաց նրան, քանի որ  իր փոքրիկի շնորհիվ փոքրիկ աղջիկ դարձավ և օդ բարձրանավ փուչիկով…


Հեղինակ` փոքրիկ Մեսրոպի մայրիկ Մարիամ Կարապետյան