Sidebar

Ինչպես ինն ամսական Մեսրոպը փռշտացրեց հսկա վիշապին

Հենց որ Մեսրոպը մուշ-մուշ քնեց, մայրիկը ձեռքն առավ հեքիաթների գիրքը, որ իմանա՝ ինչ արկածներ է ունեցել իր բալիկն արևի վրա: Առաջին հեքիաթը նա կարդացել էր այստեղ:

Եվ եթե չեք մոռացել, երկրորդ հեքիաթում Մեսրոպն իր հրաշք գնդակի հետ պետք է հայտնվեր արևի երկրում:

Եվ այսպես՝ Մեսրոպի հեքիաթը եկավ: Մեսրոպն արևի երկրում էր...

Գնդակ-արեգակը շատ սիրեց Մեսրոպին: Նա փոքրիկին տարավ ուղիղ արևի սիրտը, որտեղ ապրում էին արևի բալիկները: Նրանք փոքրիկ ոսկեգույն գնդակներ էին՝ Մեսրոպի գնդակի նման զվարթ ու թռվռուն:  

Մոտավորապես սովորական ժպիտի նման: Եվ գրեթե ժպիտի նման էլ թեթև էին… Մեսրոպը նույնիսկ մի այնպիսի արևագնդիկ տեսավ, որի վրա արջուկ էր պատկերված, ինչպես իր գնդակի:  Արևի բալիկները շատ կատակասեր էին ու հաճախ էին զվարճալի կերպարանքներ ընդունում, դրա համար էլ ոչ ոք չզարմացավ՝ գնդակ -արեգակին տեսնելով: Մեսրոպը կարող էր ուզածին չափ գլուխը դնել այդ փափուկ-տաքուկ գնդիկների վրա: Նա սովորաբար այսպես էր արտահայտում իր փոքրիկ սրտիկի սերը:

 

Արևի մեջ քայլելու կարիք չկար: Այնտեղ բոլորը սահելով, գլորվելով, թավալվելով ու թռչկոտելով էին շարժվում: Ամենուր նույնիսկ հատուկ սղարաններ էին դրված: Իսկ դա հատկապես Մեսրոպի սրտով էր: Նա շատ փոքրիկ էր ու քայլել դեռ չգիտեր:

Մեսրոպը լայն բացեց իր մեծ աչուկները ու, ա՜յ քեզ զարմանք, ճանաչեց մի քանի արևագնդիկի: Փոքրիկը նրանց տեսել էր հեքիաթների գրքերում, օրինակ՝ Ղ. Աղայանի «Արեգնազանում», Կ. Չուկովսկու «Գողացված արևում»  և այլ… Մեսրոպն իմացավ, որ արևի բալիկները հաճախ են լինում հեքիաթների գրքերում. դա նրանց ամենակարևոր պարտականությունն է: Եթե  Մեսրոպի մայրիկն այստեղ լիներ, անպայման կզարմանար, բայց Մեսրոպը միայն նայում ու սովորում էր:

Երբ Մեսրոպն ու գնդակ-արեգակը տեղ հասան, արևի վրա կյանքն անհանգիստ էր դարձել: Կապուղին, որով արևի բալիկները մանկական գրքեր էին մտնում, խափանվել էր: Սև, փրչոտ վիշապը կուլ էր տվել փոքրիկ արևիկների ճանապարհը ու հիմա հանգիստ խռմփում էր: Այդ պատճառով աշխարհի բոլոր հեքիաթներից վերացել էին արևի պատկերները: Ու հիմա բոլորն անհանգիստ այսուայնկողմ էին քայլում՝ փորձելով մի ելք գտնել: Արևի բնակիչներին հանձնարարված էր մտածել:

Մեսրոպի ականջներին հատուկենտ բառեր էին հասնում, որոնց մեծ մասը չէր հասկանում. նա դեռ խոսել չգիտեր: Բայց երբ լսեց «նկար» բառը, այսուայնկողմ նայեց, կարծես ինչ-որ բան էր փնտրում: Բանն այն է, որ Մեսրոպի հայրիկը նրան սովորեցրել էր, թե որտեղ է կախված իրենց ննջարանի նկարը: Եվ հենց նա լսում էր այդ բառը, անմիջապես նկարին էր նայում: Բայց այստեղ նա չտեսավ իրենց տան նկարը: Փոխարենը, ա՜յ քեզ զարմանք, նրա աչուկները կանգ առան մի բանի վրա, որ ոչ ոք չէր նկատել. բոլորը մտածելով էին զբաղված: Դա մի փոքրիկ կուչ եկած ոսկեգույն վիշապիկ էր՝ փայլո՜ւն-փայլուն:  Մեսրոպը վերցրեց իր գնդակ-արեգակն ու սահեց վիշապիկի ուղղությամբ: Նա վերցրեց վիշապիկին իր պստլիկ-փափլիկ թաթիկով ու բալիկերեն ինչ-որ բան ասաց նրան: Դա «ղու»-երից,«գա»-երից  ու «տա»-երից կազմված մի փոքրիկ նախադասություն էր: Ապա նա վիշապիկին դրեց գնդակի վրա, ու վիշապիկն անմիջապես կպավ գնդակին: Մեսրոպն ուրախ «գակ» բացականչեց ու ծափ տվեց: Ինչպես արդեն գիտեք, «գակ» մեսրոպերեն գնդակ է նշանակում: Ապա Մեսրոպն իր վիշապիկ-գնդակ-արեգակի հետ սահեց դեպի այն դուռը, որտեղից բացվում էր արևի բալիկների ճանապարհը: Դա մի արևապատ, սովորականից լայն սղարան էր: Հենց այդ սղարանն էլ կուլ էր տվել վիշապը: Մեսրոպը դուրս եկավ ու սահեց մինչև այնտեղ, որտեղ քնել էր վիշապը: Այդտեղ ճանապարհը վերջանում էր, ու սկսվում էր վիշապի սև, երկար, սարսափելի մարմինը: Մեսրոպն արևի լույսով տեսավ նրան և ուզեց լաց լինել, բայց զսպեց իրեն: Նա դժվարությամբ մագլցեց վիշապի մռութն ի վեր և իր վիշապիկ-գնդակ-արեգակին մոտեցրեց ուղիղ վիշապի ռունգերին: Շատ էր խանգարում ռունգերից դուրս եկող ծուխը, բայց Մեսրոպը համարձակ բալիկ էր: Վիշապը սարսափելի գռմռաց ու թաթով քորեց քիթը: Մեսրոպը հազիվ կարողացավ պահել իրեն ու չընկնել ինչ-որ հեռավոր աստղի վրա: Բայց նա հավաքեց ուժերն ու մեկ անգամ էլ վիշապին մոտեցրեց իր հրաշք գնդակը: Վիշապն այս անգամ փռշտաց: Այնպե՜ս սարսափելի փռշտաց վիշապը, որ փոքրիկ աստղերը նույնիսկ ցնցվեցին: Եվ փռշտոցից ճանապարհը հանկարծ դուրս թռավ նրա բերանից: Վիշապն էլ կորցրեց հավասարակշռությունն ու դուրս եկավ ուղեծրից: Երբ ուշքի գար, հավանաբար կգտներ իր որջը:

Արևի բնակիչներն անմիջապես իմացան, որ վիշապը բաց է թողել ճանապարհը: Փոքրիկ Մեսրոպը, արևի բալիկներով շրջապատված, ուրախ-ուրախ պատմեց իր արկածը մեսրոպերեն: Եվ արևի բալիկներն ամեն բան հասկացան: Տանը՝ Երկիր մոլորակում, Մեսրոպի մանկական ցանափոշու տուփի վրա փոքրիկ վիշապիկ էր նկարված: Իսկ այդ ցանափոշուց Մեսրոպը միշտ փռշտում էր: Եվ նա կարծում էր, որ պատճառը վիշապիկն է: Այդ պատճառով էլ որոշել էր փոքրիկ վիշապիկով փռշտացնել վիշապին: Իսկ գնդակի վրա կպցրել էր, որպեսզի վիշապիկին տանելը հեշտ լինի. գնդակն ավելի հեշտությամբ էր գլորվում, քան վիշապիկը:

Սև վիշապն, իհարկե, փոքրիկ վիշապիկի հոտից չէ, որ փռշտացել էր: Նրա քիթը խուտուտ էր եկել վիշապիկի բաշի փոքրիկ ելուստներից…

***

Երեք խնձորների ընկնելուց առաջ Մեսրոպն իր գնդակի հետ արևի բալիկների ճանապարհով Երկիր վերադարձավ:

Արևի բալիկներն արդեն հանգիստ ճամփորդում են դեպի Երկիր ու հետ: Մանկական գրքերում լիքը ժպտերես արևներ կան: Եվ դա է պատճառը, որ այս հեքիաթում էլ նրանք շատ էին հանդիպում: J Իսկ Մեսրոպը մեծանում է Երևանում՝ իրենց տանը: Շատ է սիրում իր գնդակը, որ երկար ճամփորդելուց նույնիսկ մի քիչ խունացել է, բայց, ինչպես պնդում են տեսնողները, մեկ-մեկ փայլում է արևի նման: Ասում են նաև, որ Մեսրոպն ինչ-որ ոսկեգույն վիշապ ընկեր ունի, որ բնակվում է հենց արևի սրտում:

Հեղինակ` փոքրիկ Մեսրոպի մայրիկ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ