Sidebar

Մեսրոպը, վիշապի ականջներն ու պտտվող հեքիաթը

Մի օր Ոսկեգույն վիշապիկը, որ ապրում էր արևի սրտում, հյուր եկավ փոքրիկ Մեսրոպին: Նրանք լավ ընկերներ էին: Նստեցին բազմոցին, ու Մեսրոպի մայրիկը երկուսին էլ տրորած բանանով ու կաթնաշոռով կերակրեց: Հետո խաղացին իրար հետ: Մեսրոպը քաշքշում էր վիշապիկի ականջները, վիշապիկը՝ Մեսրոպի: Բանն այն է, որ երկուսն էլ ատամ էին հանում, դրանից էլ նրանց ականջները մի քիչ ցավում էին:

Հանկարծ Մեսրոպի աչքի առաջ վիշապիկի ականջներն անսովոր երկարեցին, և աջ ականջից ինչ-որ գրություն ընկավ:

Մեսրոպը վերցրեց թղթիկն ու թաթիկների մեջ շուռումուռ տվեց: Եվ Մեսրոպը օգնության կանչեց հայրիկին: Հայրիկը վերցրեց գրությունն ու կարդաց. «Մեսրոպն ու Ոսկեգույն վիշապիկն իրենց հավատարիմ ընկերության համար մրցանակ են ստանում: Նրանք կարող են հորինել ամենաաներևակայելի կարուսելը»: Մեսրոպիկն ու վիշապիկն, իհարկե, այս ամենից ոչինչ չհասկացան: Մեսրոպն իր ինն ամսվա կյանքի ընթացքում կարուսել նստած չկար, ոչ էլ վիշապիկը: Չգիտեին էլ՝ դա ինչ է: Հայրիկը նրանց կարուսելների նկարներ ցույց տվեց, ապա նստեցրեց իր ուսերին ու ինքնաթիռ-ինքնաթիռ խաղացրեց: Նա բացատրեց փոքրիկներին, որ կարուսելն այնպիսի բան է, որ ճոճում-բարձրացնում-պտտում-ուրախացնում է ձագուկներին: Մեսրոպիկն ու վիշապիկը շատ ուրախացան:

Հետո նրանք նորից նստեցին ու խաղացին: Բայց վիշապիկի ականջները շարունակում էին երկարել, ու Մեսրոպին ավելի շատ էր հաջողվում քաշքշել դրանք: Երբ հերթական անգամ Մեսրոպը ձգեց վիշապիկի ականջը, ականջի ծայրից մի մե՜ծ, թափանցիկ պղպջակ ընկավ: Մեսրոպիկն ու վիշապիկը նայեցին-նայեցին պղպջակին, ապա երկուսով միաժամանակ նրան մեկնեցին թաթիկները: Եվ չհասցրին էլ աչուկները թարթել՝ հայտնվեցին պղպջակի մեջ: Իսկ այնտեղ մեծ ու փոքր, գունավոր անիվների թագավորությունն էր: Անիվները պտտվում էին, գլորվում էին, թռչկոտում էին, թռչում էին, և այդ շարժումից հրաշալի-հրաշալի մեղեդի էր ստացվում: Մեսրոպի սիրած մանկական երգերի նման:

Երկու փոքրիկ անիվներ՝ մեկը կարմիր, կապույտ, ծիրանագույն, մյուսը՝ ոսկեգույն-մանուշակագույն, կանաչ, հոլի պես օդում պտտվելով, հասան փոքրիկներին ու օդ թռցրին նրանց: Անիվների գույները հոսում էին իրար մեջ, փոխում էին տեղերը, իրար դիպչելուց ժամացույցների նման չխկչխկում էին: Հետո անիվները պղպջակներ դարձան ու արևի տակ փայլեցին ծիածանի բոլոր երանգներով: Մեսրոպն ու վիշապիկը նորից պղպջակների մեջ մտան: Իսկ վիշապիկի ականջներն այնքան էին երկարել, որ դուրս էին եկել պղպջակի սահմաններից ու կախվել ներքև: Եվ որտեղից որտեղ հանկարծ գունավոր զվարճալի գազանիկներ հայտնվեցին ու մագլցեցին ականջներով վեր: Մագլցեցին-մագլցեցին ու լցվեցին վիշապիկի պղպջակի մեջ: Հանկարծ բոլորը փափուկ խաղալիքներ դարձան ու թափվեցին մի ամպիկի վրա: Մեսրոպի պղպջակն այդ պահին պայթեց, ու նա ևս հայտնվեց ամպիկի վրա: Թավալվեց-թավալվեց փափուկ խաղալիքների մեջ, որոնք քիչ անց նորից գազանիկներ դարձան ու քաշքշեցին նրա թաթիկները, շորիկներն ու ականջները: Եվ ամպիկը պտտվեց-պտտվեց ու լողաց հեքիաթային աշխարհի երկնքում: Մերթ ճոճանակ դարձավ, մերթ ծիածան, մերթ գունավոր անիվ, մերթ թղթե ինքնաթիռ և վերջապես իջավ մի փոքրիկ բացատում: Գազանիկները, վիշապիկն ու Մեսրոպիկն իջան և նստեցին կանաչ գորգի վրա: Եվ Մեսրոպիկն ու վիշապիկը ոչ էլ հասկացան, որ հեքիաթների վրա նստած՝ հեքիաթ-կարուսելներով են պտտվել օդում: Նրանք միայն ծափ էին տալիս ու քրքջում՝ ցույց տալով իրենց նորելուկ, մի քիչ ծուռտիկ ատամիկները:

Եվ այդ օրը մի վերջին անգամ հեքիաթները փոխեցին իրենց տեղերն ու պտտվեցին: Եվ այնպես պատահեց, որ վիշապիկը հայտնվեց Մեսրոպիկի օրորոցում, Մեսրոպիկը՝ վիշապիկի: Վիշապիկին Մեսրոպիկի մայրիկը մի քիչ D վիտամին տվեց, որ արևից հեռու լինելով՝ հանկարծ չհիվանդանա, իսկ Մեսրոպիկին արևի բալիկները Ծիր Կաթինի աստղիկներից կաթիկ պատրաստեցին:

Մեսրոպն ու վիշապիկը վերադարձան այն ճանապարհով, որով սովորաբար վերադառնում են արևի բալիկները, և մայրիկները համբուրեցին, պառկեցրին նրանց և օրորեցին:

 

Հեղինակ` փոքրիկ Մեսրոպի մայրիկ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ