Կախարդական երեքնուկը

հեքիաթ

Իմ ձեռքին մնացել էր կախարդական երեքնուկի  վերջին՝ երրորդ թերթիկը: Երկու ցանկություններն արդեն  կատարվել էին: Ո՞րն էր երրորդը: Այդպես մտածելով քայլում էի անտառում:  Բայց չգիտես ինչու, ծառերը գլխիկոր էին, ծաղիկները նույնպես:  Ի՞նչ էր տեղի ունեցել:

-Իմ գեղեցիկ անմոռուկ, հրաշք կակաչ ու նարգիզ: Ու՞ր են ձեր գույները, ինչո՞ւ  են խամրել:

 

Իմ ձեռքին մնացել էր կախարդական երեքնուկի  վերջին՝ երրորդ թերթիկը: Երկու ցանկություններն արդեն  կատարվել էին: Ո՞րն էր երրորդը: Այդպես մտածելով քայլում էի անտառում:  Բայց չգիտես ինչու, ծառերը գլխիկոր էին, ծաղիկները նույնպես:  Ի՞նչ էր տեղի ունեցել:

-Իմ գեղեցիկ անմոռուկ, հրաշք կակաչ ու նարգիզ: Ու՞ր են ձեր գույները, ինչո՞ւ  են խամրել:

 

Պատասխան չկար:

 

-Ինչ լավ եղավ, որ այստեղ եկա: Գուցե ինչ-որ բանով կարողանամ օգնել ձեզ: Այնքա՜ն ուրախ կլինեմ:

Կախարդական երեքնուու՜կը...  Իմ ձեռքին դեռ մեկ թերթիկ էլ կա: Օ՜հ, բայց եթե քույրս իմանա, ա~յ թե կբարկանա ինձ վրա, չէ՞ որ շքեղ  զգեստն է նրա երրորդ ցանկությունը: Առաջինը՝ ոսկյա զարդ, երկրորդը՝ փայլուն կոշիկ, հիմա էլ զգեստ: Միթե կարելի է միայն  սեփական ցանկությունների մասին մտածել: Աչքերս արցունքոտվել էին և չէի նկատել, թե ինչպես եմ հասել գետակի մոտ: Գետակը պղտոր էր, ջրի մեջ ոչինչ չէր երևում: Ի՞նչ անեմ, Աստված իմ: Ես փորձեցի ձեռքս ջուրը մտցնել և հանկարծ...երեքնուկի թերթիկը ընկավ, չհասցրի աչքս թարթել, ջուրը տարավ նրան:  Վազեցի գետափով, մտածում էի կկարողանամ թերթիկը հանել ջրից:  Բայց, ա~յ քեզ հրաշք: Գետակը քիչ-քիչ վարարում էր: Ես կանգ առա:

Ջուրը մաքուր էր, զուլալ: Հոսում էր արագ, առատ ու գոլորշի դարձած  երկինք բարձրանում, անդադար բարձրանում, կուտակվում ու ամպ էր դառնում: Այնքան, մինչև սկսեց անձրև տեղալ: Անձրևի կաթիլները ընկնում էին հողին, հետո դառնում թիթեռներ, որոնք լույսի հատիկներ ու գույներ էին փռում իրենց շուրջը: Ես զարմանք կտրած նայում էի թիթեռներին, և նրանց հետևելով նորից անտառ հասա:

Ծառերը թավ կանաչ էին հագել ու մեղմ քամուց օրորվում էին: Ծաղիկները բարձրացրել էին գլուխները և արևի ջերմությունն էին փնտրում: Ես օգնել էի նրանց, ես փրկել էի անտառը: Իմ ցանկությունը կատարվել էր:  Թեթևացած շունչ քաշեցի և ուրախ-ուրախ քայլեցի դեպի մեր խրճիթը:

Քույրս անհամբերությունից դուրս էր եկել և ճոճանակի վրա նստած ինձ էր սպասում: Երբ մոտեցա նրան, ասացի.

-Գիտե՞ս, քույրիկ...

Նա արագ ընդհատեց ինձ.

-Գիտեմ, սիրելի եղբայր:

Եվ այդ պահին նորից մի կախարդական երեքնուկ ընկավ մեր ոտքերի առջև: Քույրս անմիջապես ձեռքը վերցրեց այն ու շշնջաց.

-Խնդրում եմ, կատարիր իմ երեք ցանկությունները: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերն ու հայրերը միշտ երջանիկ լինեն: Թող աշխարհի բոլոր մանուկները միշտ անհոգ ժպտան: Եվ թող արևն  էլ ավելի  ջերմացնի մեր մոլորակը:

Եվ ես հասկացա...

Այն վերջին երրորդ թերթիկի օգնությամբ փրկվել էր ոչ միայն անտառը, այլ ամբողջ աշխարհը: Բարությամբ էին լցվել մարդկանց սրտերը, հոգիները: Եվ այդ ամենը՝ մեկ սրտի ցանկությամբ: Ցանկացեք բարին ձեզ, և անշուշտ,  յուրաքանչյուրին:

Անահիտ Հովհաննիսյան