Sidebar

Էծի հեքիաթը

Ժամանակով մի մարդ կար։ Դրան ուներ մի կնիկ, մի հատ էլ էծ։ Էլ բան չուներ։ Էծը կթում էին, ուտում։ Օրերի մի օրը դրա կնիկն ասեց.

— Տար էծը ծախի, համ էծը բեր, համ փողը բեր։

— Այ կնիկ,— ասեց մարդը,— ես ո՞նց էծը ծախեմ, որ համ էծը բերեմ, համ էլ փողը։

— Ոնց ուզում ես արա,— ասեց կնիկը,— հո առանց կաթի չենք մնալու։

Մարդը ծոծրակը քորեց, էծն առաջ արեց քշեց քաղաք: Առավոտ էր, մարդն ընկավ քուչեքը բղավելով,

— Էծ եմ ծախում, լավ էծ եմ ծախում։

Խաշ ծախողը նոր էր դուքանը բաց արել, խաշ էր ծախում։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց։

— Մի աման խաշ տուր, էծը տամ քեզ։

— Որ էդպես ա,— ասեց խաշատանը,— արի կեր։

Էս մարդը նստեց, մի աման խաշը ախորժակով կերավ, մատները լիզեց,

 էծն առաջ արավ, որ գնա։

Խաշ ծախողը դրա յախիցը բռնեց

— Էդ ո՞ւր ես քշում իմ էծը։

— Մի աման խաշ ես տվել,— ասեց մարդը,— ուզում ես էծս ձեռիցս առնե՞ս։

Նա սրան ուշունց տվեց, սա՝ նրան, կռվեցին։ Ժողովուրդ հավաքվեց, ասեցին.

— Ամոթ չի՞, խի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— էս անիրավը մի աման խաշ ա տվել, ուզում ա տասը-տասնհինգ մանեթանոց էծը ձեռիցս առնի։

Էս ու էն կողմից բամփեցին խաշ ծախողի գլխին.

— Ամոթ չի,— ասին,— մի աման խաշի համար ուզում ես էդ խեղճ մարդի էծը ձեռիցը առնե՞ս։

Իծատերը բեղերը սրբելով, էծը քշեց գնաց, «էծ եմ ծախում, այ լավ էծ եմ ծախում»։

Գաթա ծախողը ձեն էր տալիս բազարում.

— Այ լավ գաթա, տաք-տաք գաթա, ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի։

Իծատերը ձենը բարձրացրեց.

— Այ լավ էծ, այ չաղ էծ, կթողը գիտի, չկթողը ի՞նչ գիտի։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց գաթա ծախողը։

— Իմ փորով մին գաթա տուր, ուտեմ,— ասեց էծատերը,— էծը տամ քեզ։

— Որ էդպես ա, արի կեր։

Մարդը նստեց գաթան անուշ արավ իր փորովը մեկ, փշրանքներն էլ հավաքեց բերանը գցեց, էծը քշեց, որ գնա։ Գաթա ծախողն ասեց,

— Էդ ո՞ւր ես տանում իմ էծը։

— Իմ էծն ա,— ասեց էծատերը,— ուր ուզում եմ, տանում եմ։

— Բա գաթեն խի՞ կերար, որ էծը չես տալիս ինձ։

— Անխիղճ, անիրավ, մի կտոր գաթա ես տվել կերել եմ, ուզում ես էս եքա էծը ձեռիցս առնե՞ս։

Կռվեցին։ Իրար տվին։ Մարդիկ հավաքվեցին՝ էդ ի՞նչ ա, ինչի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— մի կտոր գաթա ա տվել, կերել եմ, ուզում ա էս եքա էծը ձեռիցս առնի։

— Տո, բա դու ամոթ չունե՞ս,— ձեն տվին գաթա ծախողին էս ու էն կողմից գլխին բամփեցին, էծը խլին, տվին տիրոջը՝ գնաց։

 

Շարունակելի...