Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն, ու երբ չգտնեն` շատ կտխրեն, -մտածեց պատուհանագոգից գլորվող Գնդլիկ Բոքոնիկը: Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր, շարունակեց գլորվել ճանապարհով:
-Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ: Ես չեմ ուզում այլևս խաբվել այդ խորամանկին,- որոշեց Բոքոնիկն ու առաջ սլացավ:
-Աղվես, որտեղ ես,- կանչեց Բոքոնիկը: Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին: -Այստեղ եմ, անուշս,- թփուտներից ձայնեց աղվեսը: Այ քեզ հաջողություն,- մտածեց նա:
-Ինձ շուտ կեր,- ասաց Բոքոնիկը, - թե չէ հիմա գայլը կմոտենա ու դու սոված կմնաս: Աղվեսը հիշում էր, որ հեքիաթում Բոքոնիկին ուտելու համար ստիպված էր խորամանկել: Գիտեր, որ ինքն աշխարհի ամենախորամանկ աղվեսն է ու ցանկացավ նման լինել հեքիաթին:
-Իսկ դու ինձ համար կերգես` լեզվիս վրա նստած,- հարցրեց աղվեսը Գնդլիկ Բոքոնիկին:
-Կերգեմ, կերգեմ, այն էլ ինչպես կերգեմ: Միայն թե շուտ դուրս հանիր լեզուդ,- ձայնեց Բոքոնիկը:
-Ամեն ինչ ճիշտ է` հեքիաթային,- մտածեց աղվեսն ու լեզուն դուրս հանեց:
Գնդլիկ Բոքոնիկը հոպ արեց ու թռավ նրա լեզվի վրա:
-Այ, այ, այ, օգնեցեք, լեզուս այրվեց, օգնեցեք,- ձայնը գլուխը գցեց աղվեսն ու վազեց ջուր փնտրելու, որ հովացնի բերանը: Բոքոնիկը գլորվեց գետնին ու արածից գոհ սկսեց երգել.
Ճիշտ է` տատիկից փախա,
Ճիշտ է` պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
Առանց տատիկ տխուր է,
Առանց պապիկ տխուր է,
Հեքիաթն ինձնից լուր չունի,
Տունդարձիս ճամփան ուր է:
-Ուր է տունդարձիս ճամփան,- հարցրեց Գնդլիկ Բոքոնիկը ու բռնեց ճամփի փեշից: Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը, նա նստեց պատուհանի տակ, խոր շունչ քաշեց ու երգեց.
-Ճիշտ է` տատիկից փախա,
Ճիշտ է` պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
-Սա մեր Բոքոնիկն է,- ձայնեց պապիկը տատիկին` պատուհանից դուրս նայելով: Ախր ես ոնց կարող էի տեսած չլինել նրան:
Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին,նա նույնիսկ պատուհանի տակ էր նայել:
-Ախ ծերություն,ծերություն,աչքի լույս չի մնացել ,-հոգոց հանեց պապիկը: Մինչև պապիկը կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին,տատիկը ուրախ-ուրախ սեղան գցեց: -Արդեն հովացել է,-ձայնեց պապիկը տատիկին...