Sidebar

Ուրիշներին լսիր, բայց սեփական խելքով ապրիր

Մի խելապակաս մարդ է լինում: Խելքին փչում է տոնավաճառ գնալ: Մի ճերմակ աքաղաղ է բռնում, դնում ծոցն ու գնում: Գնում է ու մտածում.«Աքաղաղաը կծախեմ` մախորկա կառնեմ»:

Ճանապարհին վաճառականներ են հանդիպում.

-Էդ ի՞նչ ես ծախում, քեռի՛:

-Աքաղաղ:

Ու ծոցից հանում է ճերմակ աքաղաղը: Վաճառականները տեսնում են, գլուխները օրորում.

 

-Ինչ աքաղաղ, ախր սա նապաստա՛կ է:

«Կատակ են անում,- մտածում է նա,-դրանց հերն էլ անիծած»:

Ու աքաղաղն առնում` շարունակում է ճանապարհը:

Քիչ հետո ուրիշ վաճառականներ են հանդիպում.

-Էդ ի՞նչ ես ծախում:

-Աքաղաղ:

Նայում են` ասում.

-Ի՜նչ աքաղաղ, ախր սա նապաստա՛կ է:

Նա մի անգամ էլ լավ տնտղում է իր աքաղաղը: «Գուցե իսկապե՞ս նապաստակ է,- ինքն իրեն ասում է խելապակասը,- աչքերիդ մի՛ հավատա... որ բոլորն էլ նույնն են ասում` ուրեմն ճիշտ է»:

Գալիս հասնում է տոնավաճառ. այնքան մարդ կար, որ խնձոր գցելու տեղ չկար. մարդկային ժխոր էր, ամեն մեկը հաճախորդ էր կանչում: Ինքն էլ է սկսում կանչել.

-Լավ նապաստակ տամ, լավ նապաստա՜կ...

Մի կին է մոտենում, նայում- հարցնում է.

-Ի՞նչ նապաստակ, ա՛յ մարդ, ախր սա աքաղա՛ղ է:

Մարդն իրեն է պնդում.

-Քեզ ասում եմ նապաստա՛կ է, ոչ թե աքաղաղ:

Ժողովուրդը հավաքվում է, կնոջ վրա ծիծաղում.

-Մարդը ճիշտ է ասում, չե՞ս տեսնում, ի՛նչ է, որ նապաստակ է:

Խելապակասը լրիվ հավատում է, որ ինքը նապաստակ է բերել ծախելու և ոչ թե աքաղաղ:

Եվ հիմա եթե որևէ գնորդ ասում է, թե սա, իբր, աքաղաղ է, ոչ թե նապաստակ` քիչ է մնում նրան ծեծի:

Ու աքաղաղն առած տոնավաճառում ետ ու առաջ է անում, մուշտարի կանչում: Շատ որ գնում-գալիս է` աքաղաղը ձանձրանում է, համ էլ արդեն թառելու ժամանակն է: Եվ թևերը թափահարում է, տոնավաճառով մեկ կանչում.

-Ծուղրուղու՜...

Հիմարը լրիվ շշկլվում է. նապաստակ է. բայց աքաղաղի պես կանչում է...

Աքաղաղը ծոցից հանում-շպրտում է, թքում ու տուն վերադառնում:

Հները ճիշտ են ասել`«Ուրիշներին լսիր, բայց սեփակա՛ն խելքով ապրիր»:

 

Բելառուսական ժողովրդական հեքիաթ