Տիգրանն արդեն հինգ տարեկան էր դառնում: Վաղը չէ, մյուս օրը չէ, էն մյուս օրը չէ, է~ն մյուս օրը նրա ծննդյան օրն էր:
Ամեն առավոտ Տիգրանն արթնանում էր ու հարցնում մայրիկին, թե քանի օր է մնացել իր ծնունդին: Երբ այսօր առավոտ էլ հարցրեց ու իմացավ, որ ավելի քիչ է մնացել, քան երեկ, շատ ուրախացավ: Նա խնդրեց մայրիկին, որ թույլ տա իրեն գնալ բակ ու խաղալ երեխաների հետ: Մայրիկը համաձայնվեց:
Երբ Տիգրանիկը նոր էր դուրս եկել տանից, հանկարծ իրենց հարևան Ազատ պապիկենց տան պարսպի վրա մի փոքրիկ սկյուռիկ տեսավ, իսկական փոքրիկ, շատ փոքրիկ սկյուռիկ: Տիգրանիկը շատ ուրախացավ ու սկսեց կամաց-կամաց սկյուռիկին մոտենալ: Բայց սկյուռիկը վախեցավ ու սկսեց փախչել: Այդ ժամանակ Տիգրանիկը խնդրեց սկյուռիկին.
-Չէ՛, չէ՛, սկյուռի՛կ ջան, մի՛ վախեցիր, ճիշտ եմ ասում, ես ոչ մի վատ բան չեմ ուզում անել քեզ, ես ուղղակի ուզում եմ խաղալ հետդ:
Տիգրանիկը հիշեց իր իմացած միակ ոտանավորն ու որոշեց արտասանել այն սկյուռիկին համոզելու համար: Ճիշտ է, ոտանավորը ծիտիկի մասին էր, բայց Տիգրանիկը մտածեց, որ այնքան էլ տարբերություն չկա.
-Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի…
Եվ, այ քեզ զարմանք, սկյուռիկն իսկապես կանգնեց ու սկսեց ուշադիր նայել Տիգրանիկին: Տղան ինքն էլ զարմացավ իր արածից: Մի՞թե սկյուռիկները մարդերեն հասկանում են: Այդ դեպքում ինչու՞ ինքը սկյուռիկերեն չգիտի… Բայց այդ մասին մտածելու պահը չէր: Սկյուռիկը նրան էր հառել իր փայլուն աչքերը: Պետք էր մի բան անել: Բայց առաջինը խոսել սկսեց սկյուռիկը.
-Դու ոտանավոր արտասանե՞լ գիտես…
-Ը… հա, իսկ… ինչու՞ ես հարցնում,- զարմացավ Տիգրանը:
-Քեզ մանրամասն բացատրելու ժամանակ չունեմ: Եթե ուզում ես, որ ընկերանանք, խնդրում եմ օգնել ինձ: Եթե ինձ հետ գաս, ճանապարհին ամեն ինչ կպատմեմ:
Տիգրանն առանց մի վայրկյան մտածելու վազեց սկյուռիկի մոտ, և նրանք երկուսով գնացին դեպի Տիգրանենց այգին:
-Մի՞թե դու մեր այգում ես ապրում,- հարցրեց Տիգրանը: -Այդ ինչպե՞ս է պատահել, որ առաջ երբեք քեզ չեմ տեսել:
-Ուղղակի ես առաջ վախենում էի քեզնից: Այսօր էլ էի վախենում, բայց ուրիշ ճար չունեի, ստիպված էի մոռանալ, որ վախենում եմ:
-Իսկ ինչու՞,- ավելի զարմացավ տղան:
-Որովհետև դու ոտանավոր արտասանեցիր: Հասկանու՞մ ես` այսօր իմ ծննդյան օրն է, ես ուղիղ հինգ ամսական եմ դառնում:
-Ի~նչ լավ է, ես էլ շուտով հինգ տարեկան եմ դառնում,- ուրախացավ Տիգրանը,- ես շնորհավորում եմ ծնունդդ ու քեզ շատ-շատ կաղին եմ ցանկանում: Գիտեմ, որ դուք` սկյուռներդ, կաղին շատ եք սիրում:
-Շատ շնորհակալ եմ, ախր կաղին իսկապես էլ շատ եմ սիրում… Հենց դրա համար էլ խնդրում եմ, որ օգնես ինձ: Մեզ մոտ` Սկյուռաստանում, մի այսպիսի ավանդույթ կա. երբ ինչ-որ մի փոքրիկ սկյուռիկի ծննդյան օրն է լինում, նա պետք է ոտանավորներ արտասանի: Որքան շատ ոտանավոր իմանա, այնքան շատ նվերներ կստանա: Իսկ առանց դրա ես ոչ մի նվեր չեմ ստանա…
Վերջին բառերն արտասանելիս սկյուռիկը շատ տխրեց: Իսկ մինչ այդ նրանք հասել էին մի մեծ ծառի: Պարզվեց, որ սկյուռիկը հենց այդտեղ էր ապրում: Տիգրանն ու սկյուռիկը նստեցին ծառի տակ: Տիգրանիկն սկսեց նրան սովորեցնել «Ծիտիկ-ծիտիկը»: Տղան արտասանում էր տող առ տող, իսկ սկյուռիկը կրկնում էր: Մոտ կես ժամում նա վերջապես կարողացավ սովորել ոտանավորը:
-Էհ,- հոգոց հանեց սկյուռիկը,- շուտով հյուրերը կգան, իսկ ես ընդամենը մի ոտանավոր եմ սովորել, այն էլ մարդերեն: Դե, ոչինչ, ոչինչ, չիմանալուց լավ է, բայց գոնե սկյուռերեն էլ մի բան իմանայի…
-Իսկ ինչու՞ չես խնդրում մայրիկիդ, որ սովորեցնի քեզ ,- հարցրեց Տիգրանիկը:
-Ուղղակի ես շատ ծույլիկ սկյուռիկ եմ…
-Այդ դեպքում ինչպե՞ս այսքան ժամանակ նստեցիր իմ կողքին ու մարդերեն ոտանավոր սովորեցիր: Ախր դա երևի քեզ համար ավելի դժվար է, քան սկյուռերենը…
-Դե հա, դու ճիշտ ես, ուղղակի քեզ հետ հետաքրիքիր էր: Ես առաջ երբեք տղայի հետ չէի խոսել:
-Այդ դեպքում մի բան եմ առաջարկում քեզ,- իր գյուտից ուրախացավ Տիգրանիկը:- Բե՛ր քո Այբբենարանը, և մենք միասին կսկսենք սկյուռերեն ոտանավորներ սովորել: Հա՛մ չենք ձանձրանա, հա՛մ էլ մի բան կսովորենք:
Սկյուռիկին շատ դուր եկավ Տիգրանի միտքը: Նա մագլցեց ծառն ի վեր, մտավ փչակը, ապա շուտ վերադարձավ` Այբբենարանը ձեռքին:
-Մայրիկս ու մորաքույրս արդեն գրեթե թխել-վերջացրել են կաղինով տորթը: Ա~յ թե համեղ կլինի… Բայց մենք կարճ ժամանակ ունենք, մայրիկս ասաց, որ մի ժամից հյուրերն արդեն մեր տանը կլինեն:
Տիգրանիկի համար շատ դժվար էր սկյուռերեն ոտանավոր սովորելը, ուղղակի շատ-շատ դժվար: Բայց նա վերջապես սովորեց: Իսկ սկյուռիկին հաջողվեց մի ժամում երեք սկյուռերեն ոտանավոր անգիր անել: Հիմա նա կարող էր նվերներ ստանալ, ու աչքերը փայլում էին:
-Տիգրանի՛կ, ափսոս, որ դու չես տեղավորվի մեր փչակում, թե չէ քեզ անպայման մեր տուն կհրավիրեի: Բայց ես հասկացա ինչ անել: Ամեն օր դասերից հետո դու կգաս այս ծառի տակ, ու ես քեզ համար կբերեմ ծառի ամենաբարձր ճյուղերի կաղինները:
Նրանք այդպես էլ պայմանավորվեցին ու հրաժեշտ տվեցին իրար:
Սկյուռիկի ծննդյան տոնը շատ ուրախ անցավ: Բոլորը զարմացան նրա արտասանած ոտանավորների վրա: Հատկապես տարօրինակ ու անհնար թվաց, երբ սկյուռիկը մարդերեն արտասանեց «Ծիտիկ-ծիտիկը»: Դրա համար նրան երկար ծափահարեցին և շատ համեղ ու սիրուն նվերներ տվեցին:
Իսկ Տիգրանիկն այդ օրվանից սկսեց շատ ոտանավորներ սովորել, որովհետև նրա ծննդյան օրն ամեն օր ավելի էր մոտենում: Հետո էլ պիտի Նոր տարին գար, իսկ Ձմեռ պապիկից նվերներ ստանալու համար պետք է ոտանավորներ արտասանել:
Ա~յ թե կզարմանա Ձմեռ պապիկը, երբ Տիգրանիկը սկյուռերեն ոտանավոր արտասանի: Մարդիկ բան չեն հասկանա, բայց Ձմեռ պապը հո կհասկանա…
Մարիամ Կարապետյան



