Մի ոզնի է լինում: Օրերից մի օր առավոտ ծեգին դուրս է գալիս տնից, որ գնա աշխարհ տեսնի: Գնում է, գնում, մեկ էլ իրեն-իրեն ասում. «Արի գնամ տեսնեմ գազարս ու ճակնդեղս ոնց են աճում»: Եվ քթի տակ դնդնալով գնում է:
Մեկ էլ մի թփի տակից նապաստակն է դուրս գալիս: Նա հենց այդ ժամանակ իր կաղամբի ցանքին էր նայում` տեսներ կաղամբը ոնց է մեծանում:
- Էհե՜յ, բարով,- գոչում է ոզնին, ով գործը սիրում է, նա է առաջինը իր ցանքերը գալիս:
- Բա դու ինչ ես,- վրա է պրծնում նապաստակը, ծուռթաթի մեկը, հազիվ քարշ ես գալիս: Պապդ էլ է ծուռթաթ եղել, հերդ էլ, ողջ ազգուտակդ էլ, դու էլ իրենց ես քաշել: Ոզնին շատ է զարմանում իր բարի խոսքի դիմաց նապաստակից լսած անքաղաքավարի պատասխանից, հանգուցյալ հորն ու պապի հասցեին արված չար հիշոցներից և նապաստակին ասում է.
- Ուրեմն, դու ինձ վրա ծիծաղում ե՞ս: Դե լավ, կուզե՞ս դու և ես առաջկտրուկի տանք, տեսնենք ով ում կհաղթի:
Նապաստակը քրքջում է.
- Դո՞ւ: Առաջկտրուկի՞: Ինձ հե՞տ: Հա-հա-հա…
Բայց ոզնին հանգիստ պատասխանում է.
- Այո ես: Քեզ հետ:
- Դե լավ,- ծիծաղում է նապաստակը, արի վազենք:
- Չէ,- ասում է ոզնին, դեռ չէ: Նախ գնամ տուն, կնոջս ասեմ, թե ուր եմ գնում:
Նապաստակն էլ, որ քաղցած էր, դրանից ուրախանում է. «Էս լավ եղավ, մի լավ կաղամբ կուտեմ, որ ավելի լավ վազեմ»:
Եվ ոզնին ու նապաստակը գնում են իրենց տները:
Ոզնին գալիս է, կնոջն ասում.
- Գիտես, այ կնիկ, թե ինչ գլխացավանքի մեջ եմ ընկել:
- Ի՞նչ գլխացավանքի, այ մարդ, հարցնում է կինը:
- Պիտի նապաստակի հետ առաջկտրուկի վազեմ:
Եվ ամեն ինչ պատմում է:
- Ասելդ էն է, որ մտքիդ դրել ես նապաստակից արագ վազել, վախեցած ասում է ոզնու կինը:
- Սուս կաց, այ կնիկ,- ասում է ոզնին, մի բան կանենք: Հիմա դու պատրաստվիր, որ հետո գաս:
Մարդ ու կին գնում են: Ճանապարհին ոզնին կնոջը սովորեցնում է.
- Հենց որ հասնենք հանդի ծերին, դու մի ակոսի մեջ թաքնվիր: Երբ նապաստակը վազելով գա էդ ծերը, դու ասա. «Տես, ես արդեն էստեղ եմ»: Որ հետո դառնա, գա մյուս ծերը, էնտեղ էլ ես ձեն կտամ. «Տես, էլի էստեղ եմ»:
- Լավ, համաձայնում է կինը:
Ոզնին գալիս է նապաստակի մոտ, կանգնում են արտի ծայրին: Ոզնին ասում է.
- Ես պատրաստ եմ:
- Դե վազեցինք:
Նապաստակը կանգնում է մի ակոսում, ոզնին մյուս:
- Մեկ, երկու, երեք:
Եվ վազում են:
Նապաստակը սլանում է արտի մյուս ծայրը, իսկ ոզնին երկու քայլ է անում և հետ դառնում:
Մի շնչում նապաստակը տեղ է հասնում, տեսնում է ոզնին այնտեղ է արդեն:
- Տես, ես էստեղ եմ,- ասում է ոզնու կինը:
- Էս չեղավ,- զարմանում է նապաստակը, արի մի անգամ էլ վազենք:
Վազում են: Նապաստակը իսկույն հասնում է արտի մյուս ծայրը, իսկ ոզնին հետևի թաթերի վրա կանգնած, ձեն է տալիս.
- Էհե՜յ, իսկ ես վաղուց էստեղ քեզ եմ սպասում:
- Էսպես էլ բան,- նորից է զարմանում նապաստակը: Արի մի անգամ էլ վազենք: Վազում է արտի մյուս ծայրը, ոզնին նորից այնտեղ է (դե, դուք գիտեք, ոչ թե ոզնին է լինում, այլ ոզնու կինը):
Նապաստակը նորից է վազում, ոզնին նորից է ձայն տալիս:
- Ես արդեն էստեղ եմ:
Նապաստակը նորից ու նորից է վազում: Եվ այդպես ուղիղ իննսունինը անգամ, հարյուրերորդին արդեն արտի մեջ ընկնում է, չի կարողանում տեղից բարձրանալ, այնքան հոգնած, ուժասպառ է լինում:
- Երբեք չի կարելի ծիծաղել թույլի վրա,- ասում է ոզնին և կնոջ հետ գնում տուն:
Ուկրանիական ժողովրդական հեքիաթ



