«Արաբկիր» ԲԿ-ի բժիշկները 1-ամյա Միքայելին լյարդի փոխպատվաստում են արել. փոքրիկն արդեն պատրաստվում է տուն գնալ

Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրում երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել եւ հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ: Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական եւ հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» եւ արտասահմանցի գործընկերների սերտ համագործակցությամբ: 

Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին եւ Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության եւ բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար: «Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգեւելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», ասում է պրոֆեսորը: 

Փոքրիկ Միքայելի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ։