Կանցկացվի համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ- փառատոն

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը  կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնը` «Սիրե՛ք պոետի գույները» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը, նպաստել հայ մանուկների  պատանիների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը, զգացական աշխարհի հարստացմանը` կիրառելով բանաստեղծական արվեստի  հանդեպ գեղագիտական մոտեցում:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների եւ կրթօջախների, մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաեւ այլ դպրոցներ հաճախող հայ եւ օտարազգի պատանիներ:

Մրցույթ-փառատոնը նվիրված է հայ պոեզիային և մասնակիցներից ակնկալվում է վերլուծական և ստեղծագործական անդրադարձ հայ պոետիկ արվեստին առհասարակ կամ առանձին երկերին, բանաստեղծների կերպարներին կամ հայ պոեզիայի զարգացման որեւէ փուլին կամ հանգուցային պոետներին:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաեւ հիմնական եւ խրախուսական մրցանակներ: Իսկ հիմնական 10 հաղթողները կհրավիրվեն Երեւան մեկշաբաթյա մշակութային ծրագրով:

Այցելության ընթացքում ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ մասնակիցները հոգում են ճանապարհածախսը:
Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաեւ լրացուցիչ միջոցառումներ:

Մասնակիցները պետք է դիմեն մինչեւ հունիսի 3-ը ներառյալ: