«Հիշե´ք՝ գերխնամված, չափազանց ենթարկվող երեխաներն առավել հակված են լինում ենթարկվելու ուրիշներին». մասնագետ

Լուրեր

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Դեռահասության տարիքը ծնողների համար ամենադժվար շրջանն է` երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով:

Այս շրջանում նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում իրենց հետ: Փոքր բանից նեղվում են, արտասվում, զայրանում, կոպտում ծնողներին, չեն ուզում երբեմն շփվել ընկերների հետ կամ չափից ավելի երկար են զրուցում հեռախոսով, սիրահարվում են, հուսահատվում, երբեմն վտանգավոր քայլերի դիմումԵրբ փորձում են գտնել իրենց հարցերի պատասխանները, երբեմն խճճվում են ինֆորմացիայի մեջ, որով այսօր հագեցած է մեր միջավայրը (համացանց, ամսագրեր, գրականություն, հեռուստատեսություն, ռադիո և այլն):

Ծնողներն իրենց երեխաներին չափազանց շատ են սիրում, միևնույն ժամանակ նրանք կարող են չհասկանալ ու անտեսել նրանց, խիստ կամ կոպիտ լինել: Դա և´ երեխաներին, և´ ծնողներին հատուկ բան է: Երբեմն այդ կոնֆլիկտներն առաջանում են նրանից, որ մեծահասակների համար որոշ հարցեր այդքան էլ հեշտ չէ քննարկել դեռահասների հետ, ոչ էլ դեռահասներին՝ մեծահասակների հետ:

1. Դեռահասներին ազատություն է պետք: Որքան էլ վտանգավոր է թվում այս միտքը, միևնույն է, նրանք կարիք ունեն մի փոքր ավելի ինքնուրույն լինելու, քան նախկինում: Եթե չեք ուզում, որ ձեր երեխան հեշտությամբ ընկնի ազդեցությունների տակ, սովորեցրեք նրան ինքնուրույն մտածել և որոշումներ կայացնել: Հիշե՛ք՝ գերխնամված, չափազանց ենթարկվող երեխաներն առավել հակված են ենթարկվելու ուրիշներին, դժվարանում են իրենց տեսակետները հայտնել և պնդել, չեն հավատում սեփական ուժերին և առավել ենթարկվող են լինում շրջապատի մարդկանց: Հետևաբար, բացի լուռ ենթարկվելուց, սովորեցրեք ձեր երեխաներին նաև պայքարել և պնդել սեփական տեսակետը, հակառակը համոզել ձեզ և ուրիշներին:

2. Դեռահասներն աջակցության կարիք ունեն: Երեխային երբեք այնքան անհրաժեշտ չէ ծնողների հարգանքն ու վստահությունն իր անձի նկատմամբ, որքան այս տարիքում: Նրանք ուզում են զգալ, որ իրենց թիկունքում ուժեղ և սիրող ծնողներ են:

3. Դեռահասներն իսկապես խորը ապրումներ են ունենում այնպիսի իրավիճակներից ու դեպքերից, որոնք մեծահասակներին մանրուք են թվում: Նույնիսկ այդ դեպքերում, երբ դեպքն իսկապես ուշադրության արժանի չէ, նրանք հասկացված լինելու կարիք ունեն: Պետք չէ ասել, որ դա մանրուք է:

4. Դեռահասներն, այնուամենայնիվ, հետաքրքրվելու են սեռական հարաբերություններով և սեռին վերաբերող հարցերով, և սա բնական է: Հակառակ երևույթը` անտարբերությունը, ավելի պիտի անհանգստացնի մեզ` մեծահասակներիս:

5. Սեքսի և սեռի մասին խոսելը, պատշաճ տեղեկատվություն տրամադրելն օգնում է դեռահասին ավելի հանգիստ վերաբերել դրան, տարբերել ճիշտն ու սխալը, զգուշանալ վտանգներից: Դա չի խթանում երեխաների ավելորդ հետաքրքրությունը, հակառակը` պատասխաններ է տալիս նրանց ներսում ծագած բնական և օրինաչափ հարցերին:

6. Ինչպես և ձեզ, նրանց ևս դժվար է «ներողություն» ասել: Բայց նրանք միշտ զղջում են իրենց արարքների համար, մեղքի ծանր զգացում են ունենում, հաճախ հասկանում են ավելին, քան թվում է: Փորձե՛ք լինել ներողամիտ:

7. Եթե դեռահասն ասում է, որ դուք իրեն չեք սիրում կամ նա այլևս չի ուզում ապրել, ամենայն հավանականությամբ նա այդ պահին այդպես է զգում: Ուղղակի դեռահասներն արագ փոփոխվող տրամադրություն ունեն և հաջորդ պահին կարող են այլ կերպ մտածել: Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել դեռահասների նման հայտարարությունները. այս տարիքն ամենառիսկայինն է ինքնասպանության և նման վտանգավոր դրսևորումների առումով: Պետք է հիշել, որ ինքնասպանության որոշում դեռահասները կարող են կայացնել և՛ անմիջապես որևէ դեպքի ազդեցության տակ, և՛ երկարատև ապրումների ու հաջորդական դեպքերի արդյունքում: Ցանկացած դեպքում ծնողները կարող են նկատել այդ նախանշանները՝ երեխայի նկատմամբ ուշադիր և նրբանկատ լինելով: Նման քայլի դիմում են ցածր ինքնագնահատականի, դպրոցում կամ տանը ճնշումների ենթարկվելու, բռնության, ծաղրի, հալածանքի, արտաքին տեսքի անհամապատասխանության (սոցիալական, մշակութային, ֆիզիկական) հետևանքով: Ցանկացած դեպքում, դեռահասի վարքագծում ակնհայտ բացասական փոփոխություններ նկատելիս, պետք է դիմել մասնագետների օգնությանը: Բայց նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը երեխայի հետ մտերմություն ու ընկերական հարաբերություններ պահպանելն է: Այս դեպքում, դեռահասն անգամ վատ արարքը չի թաքցնում ծնողից՝ նրան թույլ տալով որոշակի վերահսկողություն պահպանել:

Գովազդ