Հայաստանում արձանագրվել է կարմրուկի դեպք․ ԱՆ-ը հորդորում է պատվաստվել

Լուրեր

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:

Ի դեպ, դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են կարմրուկով հիվանդի հետ առնչություն ունեցող մարդիկ և, եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է՝ վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601 հեռախոսահամարով։


Ինչպես հայտնի է, կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկով հիվանդ մեկ հիվանդը վարակում է մինչև 18 մարդու: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր, երբեմն ավարտվում է մահացության դեպքերով (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:
Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը։ Սա կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը։ Մի քանի ամիս հետո հիվանդությունը հանգեցնում է մահվան:

Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է պատվաստվել  ապահովել իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:

Հիշե´ք, պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:

 

Գովազդ