«Ծնողական օնլայն դպրոց». հանուն թռիչքի

Լուրեր

Մարտի 14-ին Արաբկիր ԲՀ-ում տեղի ունեցավ «Հավատ» ՀԿ-ի  «Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի ներկայացումը: Մասնակցեցին ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից, քաղաքապետարանից, «Հավատի» հին ու նոր գործընկեր-կազմակերպություններից, ծնողներից ու լրատվամիջոցներից:

«Թռչունն առանց թեւերի չի կարող թռչել, դուք այդ  թեւերն եք»,- ներկա ծնողներին  այսպեց դիմելով սկսեց իր խոսքը Արա Բաբլոյանը: Հենց նրա ղեկավարած «Արաբկիր բժշկական համալիրում» են դիսպանսեր հսկողություն անցնում լսողական խնդիրներ ունեցող 1500-ից ավելի երեխաներ՝ հանրապետության ամբողջ տարածքից: Արաբկիրի եւ «Հավատ» ՀԿ-ի ջանքերով ու բարեգործական հիմնդրամների, մասնավորապես, «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի աջակցությամբ է կազմակերպվում մինչեւ 12 տարեկան այդ երեխաների լսողական սարքերով ապահովումը, դրանց հարմարեցումը, խոսքի զարգացման դասերը: 12-ից հետո պետությունը տրամադրում է հավաստագրեր, որոնք օգնում են ընտանիքին՝ ձեռք բերել երեխային անհրաժեշտ սարքը:



Բայց սարք ունենալով, կամ կոխլեար իմպլանտացիայի ենթարկվելով՝ հարցը չի լուծվում, փաստ է, որ կարեւոր այդ գործողություններից հետո մեկ այլ կարեւոր փուլ է սկսվում՝ խոսքի զարգացման պարապմունքները: Այսպես, մինչեւ երեխան դպրոց կգնա, սովորական հանրակրթական դպրոց՝ ներառական ծրագրով կամ հատուկ կրթահամալիր, եթե նրա խոսքի պաշարը մասնագետները բավարար չգնահատեն եւ կարիք լինի երկլեզու կամ ժեստային ուսուցման:
Սա ճանապարհ է, որ երեխան անցնում է ընտանիքի, ծնողների հետ, իսկ ընտանիքը՝ մասնագետների: Եվ հենց այս ճանապարհն է, որի մասին պատմում է «Ծնողական օնլայն դպրոցը»:



«Դժվար այս ճանապարհը հաղթանակով հնարավոր է անցնել միայն թիմային աշխատանքով», - ասաց «Հավատ» ՀԿ համանախագահ, մանկական սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանը,- «իսկ այդ թիմում էական, շատ կարեւոր դերակատարություն ունեն ծնողներն ու ընտանիքը: Այս օղակն ուժեղացնելու համար մենք խնդիր ունենք տեղեկացնել, կրթել ծնողներին:  Եվ որպեսզի չդժվարանանք ծնողներին մարզերից, հեռավոր գյուղերից պարբերաբար այստեղ բերելու հարցում, մտածեցինք «Ծնողական դպրոց» ծրագրի օնլայն տարբերակը»:



Նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական Միության աջակցությամբ՝  Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի համատեղ դրամաշնորհով: Ծրագրի կոորդինատոր եւ վարող Կարինե Հարությունյանը ծրագրի մասին պատմող նյութն իր տղայի՝ Արամի պատմությամբ սկսեց: Արամի լսողական խնդիրը 9 ամսականում է հայտնաբերվել: Կարինեի խոսքով՝ այդ պահին փշրված երազանքները հատիկ-հատիկ չէին սոսնձվի, եթե չիմանային Արաբկիրի տեղն ու չհանդիպեին այս խնդրով զբաղվող լավագույն թիմին. «Բայց բացի մասնագետներից մեզ մեծ ուժ, հույս ու հավատ տվեցին նաեւ այս մարդիկ՝ Աննան, Իրենն ու Նարեկը՝ իրենց մայրիկների հետ: Նրանք էին մութ միջանցքի ծայրին լույս վառածները, այն ջահակիրները, որ ասում էին՝ մենք կանք եւ դա հնարավոր է, պարզապես պետք է ջանք չխնայել, նվիրվել  բոլոր բջիջներով»:

 

Արդեն պատրաստ է ծրագրով նախատեսված 15 հաղորդումից 6-ը: Դրանք պատմում են լսողական զգայարանի, ծանրալսության, դրա տեսակների, պատճառների, ախտորոշման մասին, այն մասին, թե հոգեբանական ինչ սթրես է ապրում ընտանիքն այդ պաին եւ որքան կարեւոր է շուտ դուրս գալ այդ փուլից եւ սկսել երեխայի աջակցությունը, հետո՝ թե ինչպես են ընտրվում սարքերը, ինչ տեսակների են դրանք լինում եւ հատկապես որոնք են ամենաարդյունավետը՝ երեխայի խոսքի զարգացման համար, 5-րդ հաղորդումը սոցիալական աշխատողի գործառույցների մասին է, օգնություն ստանալու եւ տալու մշակույթի, 6-րդը՝ կոխլեար իմպլանտացիայի, վիրահատություն, որը լսելու ճանապարհ է բացում անգամ ամբողջովին խուլ մարդկանց համար:

Հաջորդ թողարկումները կանդրադառնան ժեստերի լեզվին, պետական ծրագրերին,  խոսքի զարգացման պարապմունքներին՝ անհատական եւ խմբակային-երաժշական, դեպի մանկապարտեզ ու դպրոց ուղուն, նաեւ՝ հաջողված օրինակներին, որոնք, անշուշտ, ոգեշնչում են, երազանքը դարձնում նպատակ, ավելի շոշափելի, իրական:  

Կարինեն հուզմունքով ու հպարտությամբ նշեց, որ այսօր՝ 13 տարի անց, պայծառ այդ օրինակներին միացել են նաեւ Արամն ու իր ընկերները՝ Սարգիսը, Ալինան, Լիլիան, Անուշիկը, Ռուբենը, Քերոբը, Մանանան, Հայկազը...խոսքի զարգացման կենտրոնի բոլոր սաները, օրինակներ՝ տուկունության, աշխատասիրության, ձգտումի, նվիրումի, սիրո եւ  լավատեսության:


Ծնողական օնլայն դպրոցին կարող եք հետեւել youtube-ում, facebook-ում, havat.am-ում:


Գովազդ