«Կինոյի աշխարհ». ականատեսը պետք է լինեն Ձեր երեխաները

Հայաստանն ունի պատմամշակութային ու գիտական արժեք ունեցող այնպիսի վայրեր, որոնց մասին անգամ մենք` «մեծիկներս»,  քիչ գիտենք: Ուրեմն, ուղղենք մեր սխալը և անցնենք գործի: Որպեսզի երեխան լավ իմանա իր երկիրն ու պատմությունը,  հետագայում հայրենասեր լինի, մենք պետք է նրան նախևառաջ ծանոթացնենք մեր երկրի այնպիսի արժեքների հետ, ինչպիսին է, օրինակ, Բյուրականի աստղադիտարանը:

Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն իրենց դասղեկ ընկեր Հովհաննիսյանի և աստղագիտության ուսուցչուհի ընկեր Գևորգյանի հետ օրերս  գնացին  Բյուրական` աստղադիտարանին ծանոթանալու:

1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված և վերջինիս անունը կրող  Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Հայաստանի Բյուրական գյուղում` Արագած սարի լանջին: Այն պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով: Դա ամենակարևոր աստղադիտարաններից է Արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում:

Աստղադիտարանի ճարտարապետն է եղել Սամվել Սաֆարյանը:

Ուրախ և միաժամանակ զարմացած էին աշակերտները, նրանք բոլորն էլ առաջին անգամ էին Բյուրականում: Եթե ուսուցիչները չլինեին, աշակերտներն այդպես էլ չէին տեսնի այդ հրաշք աշխարհը:

«Ես շատ էի ուզում, որ իմ աշակերտները լինեն այստեղ: Այս այցը շարունակական է լինելու, մենք անպայման նոր արշավներ կունենանք այլ պատմամշակութային վայրեր: Ծախսվում է  չնչին գումար, բայց հետաքրքիր հուշերով ու ամենակարևորը` գիտելիքով են տուն դառնում: Եթե ծնողները չեն կարևորում սա և իրենց երեխաներին չեն տանում, գոնե դպրոցը  պետք է նախաձեռնող լինի»,-ասում է դասղեկը:

Աշակերտները վազվզում էին այս ու այն կողմ, լուսանկարում, անհամար հարցեր տալիս աստղադիտարանի աշխատակիցներին: Հետաքրքրված էին ամեն ինչով, անգամ Վիկտոր Համբարձումյանի անձնական օգտագործման իրերով` գրիչներ, ձեռագրեր, ակնոց…: Ոմանք էլ, կորցնելով տուն-թանգարանի աշխատակցի հայացքը, գաղտնի լուսանկարվում էին:

«Ես երբեք չեմ պատկերացրել, որ մեր երկրում այսքան գեղեցիկ ու հետաքրքիր վայր կա, մոտ 3 հա տարածք է հիմա մեր դիմաց, որտեղ մեծ աստղագետի տուն-թանգարանն է, մեծ ու փոքր բազմաթիվ աստղադիտարաններ, աստղագետների աշխատավայրը, այգին, որն ինձ ամենաշատը դուր եկավ»,-ասում է աշակերտուհիներից մեկը` Հայկանուշը:

Ամենատպավորիչը  երեխաների համար Համբարձումյանի աշխատասենյակն  ու ննջասենյակն էին, նրանք անվերջ հարցեր էին տալիս աստղագետի ընտանքի անդամների  և կնոջ մասին:

«Մենք երկրորդ կիսամյակում աստղագիտություն ենք անցնելու, շատ ուրախ եմ, որ աշակերտներս արդեն պատկերացում կունենան դասընթացի մասին»,-ասում է ընկեր Գևորգյանը:

Ամենամեծ աստղադիտարանում աշակերտներն ապշել էին` տեսնելով հսկայական աստղադիտակը, որը բերվել էր Գերմանիայից և կառավարվում էր համակարգիչների միջոցով. նրանք կարծես  հայտնվել էին «կինոյի աշխարհում»:

Ուղևորության  միակ անավարտ մասն այն էր, որ դպրոցականները  հնարավորություն չունեցան աստղադիտակին մոտից ծանոթանալու և աստղերին նայելու: Դա էլ հաջորդ անգամ…