Ինչպես շատ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան ծնողներ, ովքեր ծանր պայմաններից ելնելով, չեն կարողանում խնամել իրենց զավակներին և հանձնում են մանկատուն: Այդ նույն երեխաներին որդեգրում են մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում զավակներ ունենալ:
Որդեգրումը կատարում է դատարանը, հատուկ վարույթի` քաղաքացիական դատավարության օրենսդրության սահմանված կարգով, երեխային որդեգրել ցանկացող անձի դիմումով:
<<Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի ընդանուր իրավասության դատարան, իսկ մինչև դատարան դիմելը որդեգրողը պետք է դիմի քաղաքապետարան /մարզպետարան/ ստանա դրական եզրակացություն և հաշվառվի դիմողի անձնական քարտում` որպես որդեգրել ցանկացող անձ>>,- բացատրում է փաստաբան Գևորգ Սահակյանը:
Համապատասխան կարգով` որդեգրել ցանկացող անձը պարտադիր պետք է կենտրոնական հաշվառում անցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
<< Եթե երեխան ամուսիններից մեկի կողմից է որդեգրվում, ապա որդեգրման համար պահանջվում է մյուսի գրավոր համաձայնությունը: 10 տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նաև երեխայի համաձայնությունը>>, - նշում է Սահակյանը:
Սահակյանի խոսքով` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է որդեգրման դիմումին կից ներկայացվող այլ պարտադիր փաստաթղթեր`երեխաների որդեգրումը հաստատելու մասին: Դատարանը գործերը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի` որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ: Որդեգրման գործով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:
<<Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով,-ասում է փաստաբանը,-սա նշանակում է, որ երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտիվ պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը>>: