Հայաստանի երկրորդ քաղաքում տեղի ունեցած զարհուրելի ոճրից փրկվել չկարողացավ նաեւ կրտսեր Ավետիսյանը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը: 7-օրյա մաքառումից հետո նրա կորուստը բացեց մերօրյա Գյումրիի 7-րդ վերքը: Կսկիծ, անհուսություն, աղոթք…
Հայաստանի առողջապահական ոլորտի մարտիկներն արեցին առավելագույնը՝ մի ամբողջ ժողովրդի զավակ դարձած փոքրիկի աչքերը բաց ու ժպտուն տեսնելու համար: Բուժական ջանքերին միացավ նաեւ համաժողովրդական աղոթքը: Ծանոթ-անծանոթ մարդիկ՝ մայրացած ու դեռատի աղջիկներ, հայրացած ու պատանեկությունը վայելող տղամարդիկ, կյանքի ճանապարհ անցած պապիկներ ու բազմատեսակ դառնություններ ճաշակած տատիկներ՝ բոլորի համար փոքրիկ Սերյոժան դարձավ հոգեզավակ՝ ամփոփելով իր մեջ միասնականության ու բարության խորհուրդը:
Մայրիկի կաթիկով սնված, թմբլիկ տոտիկներով, կլորիկ թուշիկներով ու իսկական հայի աչուկներով մեր տղան կյանքի համար իր պայքարով արթնացրեց մեր մեջ այն, ինչ թվում էր մեռած՝ մարդկությունը:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներ, ապրեցրեք ձեր մեջ մարդուն՝ սիրող, կարեկցող, աջակցող, ձեռք մեկնող, պայքարող, ներող, վարձահատույց լինող, չնախանձող, արարող, պաշտպանող, շնորհակալություն ու ներողություն ասելու կարողություն ունեցող: Դա կլինի ամենամեծ հատուցումը Ավետիսյանների, ավելի ճիշտ՝ հայության ընտանիքին:
Մեր կողքին՝ նույն երկրի հարկի տակ, ապրում են հազարավոր փոքրիկներ, ովքեր ունեն մեր կարիքը: Եկեք նրանց մեջ էլ տեսնենք պստիկ, անմեղ ու անմարդկային վայրագության զոհ գնացած Սերյոժային:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»



