Երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետները փաստում են, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ու համապատասխան կառույցները լիարժեքորեն չեն գործում, պատասխանատվությունն էլ ոչ թե մասնագետների ուսերին է, այլ կամավորների:
«Հիմա քննարկման է դրվել Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում մենք կունենանք «Դեպք վարողների ինստիտուտ»: Այս օրենքով համայնքը կունենա հատուկ աշխատող, ով ծանոթ կլինի երեխաների խնդիրներին կամ իրավունքների խախտումներին եւ ոչ թե հարեւանը, այլ հենց նա կահազանգի այդ մասին»-ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
Հայաստանում երեխայի պաշտպանության կարևորագույն 40-ից ավելի լիազորությունները տրված են տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ), որոնք, սակայն, չունեն նեղ մասնագիտական խմբեր: Մարդկային ու մասնագիտական ռեսուրսի սղության պատճառով ՏԻՄ-երը ոչ միշտ են արագ և հետևողականորեն արձագանքում խնդիրներին, պատշաճ չեն գործում կանխարգելման մեխանիզմները, ինչի հետեւանքով չի հաջողվում խուսափել ողբերգություններից (ինչպես, օրինակ, մոր կողմից երեխայի սպանության փորձն էր կամ երբ մայրը կախել էր իր երկու մանկահասակ որդիներին):
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնությունն Արմավիրում կազմակերպել էին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրներին, Հայաստանի միջազգային պարտավորություններին և իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկում: Մասնակիցներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության՝ երեխայի պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանության ղեկավար Գրիգորի Գրիգորյանցն ու Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Ասթինե Ապիտոնյանը:
Գրիգորի Գրիգորյանցն «անտրամաբանական ու սխալ է» համարում համակարգը, որում երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական պարտավորությունները դրված են ՏԻՄ-ի վրա, որոնք իրենց հերթին չունեն մասնագիտական խմբեր՝ աշխատանքները պրոֆեսիոնալ իրականացնելու համար:
«Խնդիրների վերհանման առաջնային ու ամենակարևոր օղակ համարվող համայնքներում, որոնց ղեկավարների վրա են դրված ավելի քան 40 պարտավորություններ ու լիազորություններ, հաճախ գաղափար անգամ չունեն այդ պարտավորությունների մասին»,-ասում է Գրիգորի Գրիգորյանցը:
Ըստ նրա՝ Հայաստանի 920 համայնքները կառավարող մարմիններում չկան մասնագետներ, ովքեր կարող են ստանձնել երեխաների իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ նրանց է վստահված ոչ միայն բռնության կանխարգելումը, այլ նաև հիմնարար լիազորություններ՝ երեխային ընտանիքից, ծնողական իրավունքից զրկելու գործընթացները:
«Երեխաների իրավունքների պաշտպանության գործող համակարգը չի կարող ապահովել լուրջ առաջընթաց, հույժ անհրաժեշտ է սոցիալական աշխատողի ինստիտուտը, որպեսզի մասնագետները տեղում աշխատեն ու վերհանեն խնդիրները: Այսօր լիազորությունները դրված են գյուղապետերի, ուսուցիչների վրա, և դա կամավոր, հասարակական բնույթի աշխատանք է, ինչը բոլորովին արդյունավետ չէ»,- ասում է Ասթինե Ապիտոնյանը:
Մասնագետները միակարծիք են՝ պետք է ստեղծել համապատասխան ինստիտուտներ, որոնք մասնագիտորեն կզբաղվեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Ոլորտը, ըստ մասնագետների, նաև օրենսդրական փոփոխությունների կարիք ունի:
Հայաստանն այս ոլորտում միջազգային պարտավորություններ ևս ունի. ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը Հայաստանին ուղղված 189 հանձնարարականներից ավելի քան 100-ը վերաբերում էին հենց երեխաների իրավունքների պաշտպանությանը: Տարբեր երկրներ Հայաստանին կոչ են անում ընտանեկան բռնության կանխարգելման մասին առանձին օրենքի ընդունմամբ ստեղծել առավել գործուն մեխանիզմներ՝ դրան զոհ դարձած երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Գեղանուշ Գյունաշյանն ասում է, որ ընտանեկան բռնության օրենքի ընդունման գործընթացը չի կանգնել, և շարունակում են աշխատել այդ ուղղությամբ, ինչը երաշխիքներից մեկն է՝ երեխաներին բռնությունից ապահովագրելու համար:
«Ես երբեք չեմ տարանջատում երեխաներին ընտանիքից. եթե ընտանիքը խնդիր ունի, երեխան ևս խնդիր ունի: Սա նաև մեր բոլորի խնդիրն է: Այսօր հասարակությունն է նաև անտարբեր, ժամանակին լավ հարևանները նաև լավ սոցիալական աշխատողներ էին, այսօր այդ կապը խաթարվել է, փոխվել է, և այժմ առավել ինստիտուցիոնալ լուծումներ պետք է փորձենք գտնել»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն



