Հայաստան է ներկրվել գրիպի պատվաստանյութի խմբաքանակը, որը շուտով կտրամադրվի բոլոր պոլիկլինիկներին: Այս մասին Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Հայաստանում գրիպի դեմ պատվաստումները կատարվում են թիրախային խմբերի շրջանում՝ առաջնային բժշկական օղակ, շտապ օգնության աշխատակիցներ, հիվանդանոցների ընդունարանների բուժանձնակազմ, ծերանոցի բնակիչներ,մանկատան սաներ, իսկ այս տարի կարող են նաև կամավորության սկզբունքով պատվաստվել նաև այլ անձինք:
«Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն կամավոր պատվաստվել, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկներ»,- ասաց Լ.Թորոսյանը՝ հավելելով, որ պատվաստումը իրականացվում է անվճար:
Անդրադառնալով սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս իրավիճակին, նա նշեց, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր հանրապետությունում գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, սակայն շրջանառվում են շնչառական այլ ախտածիններ, հիմնականում` ռինովիրուսը:
Աղբյուրը` panorama.am



