Բացառիկ ծնունդ՝ Երեւանում. մայրացել է 52-ամյա կինը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր բացառիկ ծնունդ է գրանցվել. 52-ամյա կինը կեսարյան հատմամբ իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնել է, որ ծնվել է տղա` 3 կգ քաշով և 50 սմ հասակով:

«Կեսարյան հատումն իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Այժմ թե՛ բալիկի, թե՛ մոր առողջական վիճակը լավ է, նրանք դուրս կգրվեն 3 օրից: Մայրը եղել է բուժանձնակազմի հսկողության ներքո, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ 52 տարեկանում ծննդաբերելն այնքան էլ հեշտ չէ: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, և վաղը մայրիկն ու բալիկն արդեն կտեղափոխվեն հիվանդասենյակ, իսկ երեք օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»-տեղեկացրել է Շուշան Հունանյանը` հավելելով, որ վերջին 3 տարվա ընթացքում սա 3-րդ դեպքն է, երբ կենտրոնում նման դեպք է գրանցվում: