Ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել է Կարինե Պապանյանը։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 10 եւ 11 տարեկան։
Ծննդականի մահվան պատճառը պտղաջրային էմբոլիան է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն առաջանում է հենց ծննդաբերության պահին, եւ հնարավոր չէ կանխատեսել կամ կանխարգելել այն։
«Մահը վրա է հասնում վայրկյանների ընթացքում,այդ հիվանդությունից ոչ մի ծննդկան ապահովագրված չէ, ու եթե նման դեպք տեղի ունենար արտասահմանում, ապա այնտեղ էլ չէին կարող փրկել մոր կյանքը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարինե Պապանյանը հղիության ինն ամիսների ընթացքում եղել է բժիշկների հսկողության տակ, թիվ 2 պոլիկլինիկայում հաճախել է հետազոտությունների, որտեղ բժիշկները նրա հղիության ընթացքն առողջ են գնահատել, թե պտուղը, թե մայրը խնդիրներ չեն ունեցել։
«Նրա հղությունը նորմալ է ընթացել, ճիշտ ժամանակին կծկումներն են սկսվել, ու ճիշտ ժամանակին էլ ծնարան են տարել, նրա կողքին սկեսուրն է եղել, նա իր աչքով է տեսել, թե ոնց է հարսը վայրկյանների ընթացքում մահացել»,- ասաց առողջապահության վարչության պետը:
Կարինե Պապանյանի հետ մահացել է նաեւ դեռ չծնված երեխան։
Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են պատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրը` http://news.am/