Սոցիալ-տնտեսական խնդիրների և արտագաղթի պատճառով նվազող Հայաստանի բնակչությունը առաջիկայում ծնելիության չափերի ավելի ինտենսիվ անկում է արձանագրելու 1990-ականներին ծնվածների փոքր թվի պատճառով, ինչը լուրջ ժողովրդագրական խնդիր է առաջացնելու:
«1990-ականներին ծնված սերունդը մոտ 2 անգամ պակաս է եղել, քան 1980-ականներին ծնված սերունդը, իսկ նրանց մի մասն էլ ծնողների հետ արտագաղթել է: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք գրանցելու ենք ծնելիության նվազում»,- նշում է փորձագետը:
Մարդահամար 2011-ի տվյալներով` Հայաստանում 18-24 տարեկան (1990-ականներին ծնված ու արդեն վերարտադրողական տարիք մտածները) մշտական բնակչության թիվը ավելի քան 396 հազար է, իսկ 25-34 տարեկաններինը` ավելի քան 495 հազար:
Ժողովրդագիրը իշխանությունների ուշադրությունը հրավիրում է նաև այն հանգամանքի վրա, որ այսօր ոչ միայն ավելի քիչ մարդ կա` երեխա ունենալու համար, այլ նաև նրանք նախ հիմնականում ուշ են ամուսնանում ու քիչ երեխա ունենում:
Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով Հայաստանում ընտանիքների մեծ մասը շատ երեխաներ չի ունենում` բավարարվելով մեկ կամ երկու երեխայով, ինչի հետևանքով էլ Հայաստանում ինքնավերարտադրման խնդիր է առաջացել:
«Կոպիտ է հնչում, բայց այսօր յուրաքանչյուր կին ծնում է 1,6 երեխա: Կինը չի կարողանում վերարտադրել իրեն ու ամուսնուն: Վերարտադրություն լինելու համար պետք է այդ ցուցանիշը կազմի 2,1-ից ավելի»,- անցյալ ամիս լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2011-ի մարդահամարի տվյալներով` Հայաստանում մեկ երեխա ունի կանանց 12 տոկոսը, երկու երեխա` 29 տոկոսը, երեք երեխա` 20 տոկոսը, չորս երեխա` 7 տոկոսը, իսկ հինգ և ավելի երեխաներ` ընդամենը 4 տոկոսը:
Իրավիճակը շտկելու համար Ռուբեն Եգանյանը կրիտիկական է համարում պետության ավելի խիստ միջամտությունը:
«Հեռու չէ ժամանակը, երբ մեզ մոտ մահացությունների թիվը կհավասարվի ծնելիություն թվին, քանի որ 1990 թվականից սկսած Հայաստանի բնակչության թիվը շարունակաբար նվազել է: Իսկ հիմա ծնելիության ցուցանիշը շատ ցածր է, և պետությունն էլ փորձում է այն խթանել մեկանգամյա մեթոդներով, օրինակ` ծնված երեխաներին գումար տալով: Բայց արդյո՞ք սա կօգնի»,- հարցնում է ժողովրդագիրը:
Ներկայում ծնելիությունը խթանելուն օգնող պետական մոտեցումներից են անվճար ծննդօգնությունն ու երեխաների ծննդյան համար վճարվող մեկանգամյա գումարները, որոնք այս տարվանից բարձրացվել են 3-րդ և ավելի երեխաների համար` 430 հազար դրամից դառնալով 1 մլն դրամ (մոտ 1050 և 2450 դոլար համապատասխանաբար):
Փորձագետը, ի տարբերություն իշխանությունների, համակողմանի մոտեցման կողմնակից է: Նա պնդում է, որ պետք է իմանալ ծնելիությանը խոչընդոտող բոլոր պատճառները, որպեսզի դրանց վրա ներգործության միջոցով հնարավոր լինի կարգավորել խնդիրները միաժամանակ:
«Բելառուսում, օրինակ` նրանց նախագահ Լուկաշենկոն ասում է` առաջին երեխան ձերն է, երկրորդ երեխան ձերն է և իմն է, երրորդ երեխան իմն է, այսինքն` պետությունն իր վրա է վերցնում երկրորդ երեխայի հոգսերի կեսը, իսկ երրորդ երեխայինը` ամբողջությամբ»,- նշում է Եգանյանը:
«Պետք է մարդկանց ապացուցել, որ այս երկիրը վստահություն ներշնչող երկիր է, իսկ դա մեկ տարում կամ մեկ քայլով հնարավոր չէ անել»,- հավելում է նա:
Աղբյուրը՝ http://armenianow.com



