Լոռու մարզի ընտանիքների 70 տոկոսում ծնողները ծեծում են սեփական երեխաներին

Լոռու մարզում ծնողների 70 տոկոսը խոստովանում է, որ մարմնական պատժի է ենթարկում սեփական երեխաներին: Մարզի դպրոցներում եւ մանկավարժների շրջանում այս հարցումն իրականացրել է եվրոպական «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության` «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի անդամները:

Նախագծի կազմակերպիչներն այս ցուցանիշը բարձր են համարում, քանի որ, ինչպես ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Հարությունյանը փաստեց, հայ ծնողներն հիմնականում չեն խոստովանում, որ երեխային խփելն իրենց կողմից բռնություն է, ինչպես նաեւ երեխաների իրավունքների կոպիտ խախտում:

Ա. Հարությունյանի ներկայացմամբ, Լոռիում, ինչպես նաեւ մյուս մարզերում, տարածված է երեխաների բռնությունը, ու հատկապես` հոգեբանական բռնության տեսակը: Բռնությունն, ըստ նրա, հավասարապես առկա է եւ ընտանիքներում, եւ դպրոցներում, ու իրենց կոչն է, այդպիսի երեւույթների մասին անմիջապես զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին, կամ դիմել տարածքային խնամակալության եւ հոգաբարձուների խորհուրդ:

Հարցին, թե ի՞նչ կլինի մանկավարժի կամ ծնողի հետ, երբ հայտնի դառնա նրանց կողմից բռնության կիրառումը, կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ մանկավարժը կհեռացվի աշխատանքից, իսկ ծնողի հետ կտարվեն հոգեբանական զրույցներ, բռնության տեսակից ելնելով, նրանք կարող են հասնել անգամ ծնողական իրավունքներից զրկելուն:

Երեխայի հանդեպ բռնության նոր տեսակ է նաեւ նրան կրոնական որեւէ կազմակերպության մեջ ընդգրկելը: Ըստ վերջին տվյալների, այդ տեսակի բռնության հետեւանքով, անցած 5 տարվա մեջ 10 երեխա է մահացել ընտանիքներում:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նախագահ Լեռնուհի Գեւորգյանը մեզ հայտնեց, որ Լոռին զուրկ չէ բռնության բոլոր տեսակներից, եղել են նաեւ դեպքեր, երբ իրենք հանդիպել են  ընտանիքում երեխայի հանդեպ սեռական բռնության կիրառման:

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ` երեխաների հանդեպ բռնության վերացման համար, նա պատասխանեց, որ Շվեդիայում 32 տարի է պահանջվել, որ ծնողների 98 տոկոսը վերացնեն իրենց զավակների նկատմամբ ծեծը, իսկ մեր երկրում, այդ գործընթացը կտեւի թերեւս 50 տարի:

Ծրագիրը կգործի ՀՀ 16 քաղաքների 40 հաստատություններում` ներառելով 1 անչափահասների քրեակատարողական հիմնարկ, 8 մանկատուն, 7 խնամքի կենտրոն, 23 հատուկ դպրոց ու այլ հաստատություններ:

 

news.am