Մայիսի 9-ը հաղթական օր է հայության համար

Սիրելի փոքրիկ, իսկ դու գիտե՞ս, որ այսօր ողջ հայության համար եռակի, ինչու ոչ, անգամ քառակի տոն է:

Մայիս ամիսը հայերիս համար հաղթանակների ամիս է: Հաղթական  օրերից մեկն էլ մայիսի 9-ն է: Ուղիղ 70 տարի առաջ՝ 1945 թվականի մայիսի 9-ին,  ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը:

Ֆաշիստական Գերմանիայից մեր հայրենիքը պաշտպանելու համար  600 հազար քաջարի հայորդիներ զինվորագրվեցին: Նրանց մի խումբը մարտնչեց ու հասավ մինչև Բեռլին, որտեղ քոչարի պարեց՝ ազդարարելով հաղթանակը թշնամու նկատմամբ:

 

Սրանից 23 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, արիասիրտ հայորդիներն ազատագրեցին  Շուշին՝ հայկական գեղեցիկ լեռնային բերդաքաղաքը:  Քաղաքը զավթած ադրբեջանցիները Շուշիի բարձունքներից շարունակ կրակում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի վրա: Առանց Շուշիի ազատագրման հնարավոր չէր լինի հայերիս  հաղթանակն Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրման գործողությունը հայերը կոչել են «Հարսանիք լեռներում»:

1994 թվականի մայիսի 9-ին Ադրբեջանը իր իսկ խնդրանքով ստորագրեց զինադադարի մասին համաձայնագիր: Հայերի դեմ պատերազմ սանձազերծած ադրբեջանցիները հասկացել էին, որ չեն կարող հաղթել հայերին, ավելին, եթե պատերազմը շարունակվի, գուցե իրենց մայրաքաղաք Բաքվից էլ զրկվեն, ուստի և խնդրեցին վերջ դնել պատերազմին:

1992-ի մայիսի 9-ը նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է:  Մեր քաջ զինվորներն օր ու գիշեր սահմանն են հսկում, որպեսզի դու, սիրելի փոքրիկ, խաղաղ քնես, խաղաս, մանկապարտեզ գնաս եւ պարզապես անհոգ ու  երջանիկ լինես:

Շնորհավոր տոնդ, սիրելի փոքրիկ:

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»