«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հրատապ կերպով չեղյալ հայտարարել «Մանկական եվրատեսիլ 2012» հայաստանյան մրցույթի արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ: Այսօր կայացած ասուլիսում ասաց ՀԿ-ի նախագահ Միքայել Մարգարյանը:
Իսկ պատճառը հետևյալն է. սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: Ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Compass Band-ը` իր Sweetie Baby երգով: Քվեարկությունից օրեր անց հայտնի դարձավ, որ խմբի մասնակիցներից մեկը 9 տարեկան է, սակայն մրցույթին կարող են մասնակցել միայն 10-ից 15 տարեկան երեխաները:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ խմբի հիմնական մասը կազմված է 4 հոգուց և բոլորն էլ 13 տարեկան:
«Անբարոյականություն է, մի երեխայի, ով հաղթանակի գլխավոր գրավականն է և խմբի հիմքն է կազմում, հանել կազմից ու հայտարարել, իբր նա հիմնական կազմում չի ընդգրկված»,- ասել էր նա:
ՀԿ-ի նախագահը նշեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը նախապես հայտարարել էր, որ մրցույթի հեռարձակումը կլինի ժամը 19:30-ին, այնինչ սկսվեց 19:00-ին:
«Մարդիկ հնարավորություն չեն ունեցել դիտելու մոտ 7-8 երեխայի, բնականաբար նրանք կորցրել են իրենց հնարավոր ձայները: Պահանջում ենք նաև քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները»,– ասաց Միքայել Մարգարյանը:
«Պահանջում ենք պատժել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա»,-ավելացրեց նա։
Միքայել Մարգարյանն ընդգծեց, որ Հանրայինը պղծում է երեխաների հոգեբանությունը, քանի որ նրանք նախապես իմանում են, որ օրենք են խախտում և նախապես իմանում են, որ իրենք են հաղթելո
Նա նաև տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի կազմակերպման գործում խախտումներ է թույլ տվել նաև նախորդ տարիներին:
«Մենք չենք ուզում դիմել եվրոպական ատյաններին և ցանկանում ենք հարցը լուծել Հայաստանում: Բայց եթե այսպես շարունակվի, Հայաստանը կգնա որակազրկվելու ուղղությամբ»,- ասաց նա:
Կազմակերպությունը խախտումների մասին նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությանն ու այլուր։