Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մանկապարտեզներում խմբերի գերբեռնվածության վերաբերյալ Panorama.am-ի հրապարակման կապակցությամբ պատրաստվում է քննություն իրականացնել:

«Այս դեպքի կապակցությամբ, պատրաստվում ենք սեփական նախաձեռնությամբ սկսել գործի քննություն և հարցումներ կատարելով իրավասու պետական մարմիններից՝ հասկանալ իրողությունը»,-Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ խմբագրությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապրող ծնողներից դժգոհություններ էր ստացել խմբերում երեխաների` նորմայից շատ լինելու կապակցությամբ: Երևանում կան նույնիսկ մանկապարտեզներ, որտեղ երեխաները մահճակալների թվի պակասի հետևանքով չեն քնում կամ մի մահճակալին 2 երեխա է քնում: 

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը առկա իրավիճակը բնութագրում է որպես լուրջ խնդիր:
«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն երեխա ունի հանգստի և ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք, բայց այդ իրավունքի իրականացման ապահովումը այսօր դրված է մեծ հարցականի տակ:
Այն, որ երեխաների խնամքի հաստատություններում գերծանրաբեռնվածություն կա, փաստ է: Եթե խմբերում նախատեսված 30-ի փոխարեն 40 երեխա կա, բնական է որ խնամքի որակը տուժելու է: Սա, բավականին լուրջ խնդիր է, որը պետք է իրավասու պետական մարմինների ուշադրության կետրոնում լինի»,-ասաց Ա. Մուրադյանը:

Շարունակությունը` http://www.panorama.am/