Մեռելածին պտուղների հայտնաբերման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՆ

eMedia.am, 12 Հունիսի, 2014 | Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դեռ 2014թ. մարտին նախարարությունը վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների և նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով և նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ Սակայն նոր հանգամանքների`մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով,նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետևողական չգտնվելու և հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու համար աշխատանքիցազատելՄասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։

Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռևս 2014 թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։

Աղբյուրը` armenpress.am