Այսօր՝ առավոտյան 8:30, մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրվա մեկնարկին համընթաց սկսվեց նաեւ «Իմ Փոքրիկ»-ի աշխատանքային տարին: Եվ «Իմ փոքրիկ»-ն իր համեստ ներդրումով իր փոքրիկ ընթերցողներին ճանապարհում է դեպի մեծ կյանք: Ճիշտ է, «Իմ Փոքրիկ»-ի բովանդակությունը նախատեսված է 0-6 տարեկան փոքրիկների խնամքի, զարգացման, ժամանցի եւ ուրիշ շատ ու շատ բաների համար, բայց խոստանում ենք, որ դպրոց ճանապարհելուց հետո չենք մոռանա մեր փոքրիկ ընթերցողներին:
Եվ այսպես, Հայաստանի մոտ 1400 դպրոցները բացեցին իրենց դռներն աշակերտների առջեւ: Այս տարի դպրոց կհաճախի 40 հազար առաջին դասարանցի: 2014-2015 ուսումնական տարվա համար հրատարակվել է 29 նոր դասագիրք, որոնք արդեն կրթօջախներում են: 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը կտրվեն երեխաներին անվճար:
«Իմ փոքրիկ»-ը դպրոցի ճամփան բռնած բոլոր փոքրիկներին մաղթում է խելամտություն, որ գիտակցեն կրթության կարեւորությունը, աշխատասիրություն, որ իրենց ժամանակն անտեղի չվատնեն եւ ամենակարեւորը՝ տոկուն առողջություն, որ դիմանան գիտելիքի ճնշմանը: Եվ թող բոլոր փոքրիկներն առավոտյան իրենց աչուկները բացեն խաղաղ երկրում:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»