Չկորցնել զգոնությունը. առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է վերջին ամիսների աղիքային ինֆեկցիաների բռնկումներին: Ըստ գերատեսչության՝ դրանք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին, հատկապես որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով:

Նախարարությունը տեղեկացնում է, որ  աղիքային վարակների աճ է դիտվում նաև աշխարհի մի շարք երկրներում՝ հատկապես բռնկումների ձևով: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեծ աճ է արձանագրվել սննդային ծագման նորովիրուսային վարակի, Եվրոպայում՝ կամպիլոբակտերիոզների և այլնի: Աշխարհի բազմաթիվ երկրներ ահազանգում են զուգակցված վարակների աճի մասին:

Բացի այդ, ամբողջ աշխարհում դիտվում են կլիմայի գլոբալ տաքացման հետևանքները: Այս տեսակետից խոցելի են նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հատկապես՝ աղիքային վարակների, այդ թվում՝ շիգելաները, խոլերայի վիբրիոնը, ամեոբիազը և այլն:

Հայաստանում այս տարի աղիքային վարակների թվի աճին նպաստել է ոչ միայն աննախադեպ շոգը, այլև բնակչության մեծ տեղաշարժը:

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

 

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի՝ ամեն անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
  • պատահական վայրերում չսնվել,
  • չօգտագործել ժամկետանց, ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահվող, բավարար ջերմային մշակման չենթարկված սննդամթերք,
  • սննդամթերքը (միրգ, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող, մաքուր ջրով,
  • խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը, ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, ըմպելիք և հյութ,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, սնունդը լավ եփել կամ տապակել։

 

Նախարարությունը հորդորում է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմել բժշկական օգնության: