Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսության 18 շաբաթական բնակիչ Էնթոնի Բրայանը ծնվել է գրկախառնումների նկատմամբ հազվագյուտ ալերգիայով, ինչի պատճառով երեխային չի կարողանում ավելորդ անգամ դիպչել անգամ սեփական մայրը, գրում է Life News-ը՝ վկայակոչելով բրիտանական Daily Mail-ին։
Փոքրիկի մոտ բժիշկներն ախտորոշել են Epidermolysis Bullosa կոչվող հիվանդությունը, որն արտահայտվում է մաշկի գերզգայունությամբ։ Ցանկացած մաշկային շփման դեպքում երեխայի մարմնի վրա հայտնվում են արյունոտ վերքեր, որոնք շատ ուշ են փակվում։
Բժիշկները կանխատեսում են, որ ավելի հասուն տարիքում երեխան կարող է ձեռք բերել մաշկի քաղցկեղ։ Այժմ նրա ծնողները զբաղված են դրամական միջոցներ հայթայթելով, որպեսզի փրկեն իրենց փոքրիկին։
«Գիտե՞ք, այնքան դժվար է զսպել ինձ ու չհպվել տղայիս, սակայն գիտակցելով նրա ցավը, ես փորձում եմ ավելորդ անգամ նրան չվնասել»,- ասել է Էնթոնիի մայրը՝ Դանիելան։