Մեկնարկել է «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիան, որի նպատակն է օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին` «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցով:Ակցիայի նշանաբանն է` «Կյանք տուր նոր Հայի»:
Համահայկական նախաձեռնությանը միանալու համար ցանկացողները կարող են այցելել flowersoflife.am կայքը և գնել ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի ծաղիկը: Ակցիայի մենկարկը տրվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած միջոցառումով, որին մասնակցում էին ոչ միայն ակցիայի նախաձեռնողները, բժիշկներ, այլև «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ մայրական բերկրանքը զգացած կանայք:
«Կյանքի ծաղիկ» ակցիայի հեղինակ-ղեկավար Քրիստինա Հարությունյանը, ներկայացնելով իր կյանքի պատմությունն, ասաց, որ ինքը ծնվել է եղեռնը տեսած ընտանիքում: Տատիկին հաջողվել է փրկվել եղեռնից, նա կարողացել է փրկել նաև մի աղոթագիրք, որն իրենց ընտանիքի պահապանն է:Նրա խոսքերով` երբ երիտասարդ տարիքում վիրահատվել է, բժիշկներն ասել են, թե հնարավոր է` չկարողանա այլևս երեխաներ ունենալ:
«Ես զգացել եմ այդ դժվար պահը, երբ հոգու և սրտի դատարկությունը հնարավոր չէր ոչ մի բանով լրացնել: Բայց փառք Աստծո, ես այսօր երեք զավակ ունեմ»,-ասաց նա:
Այս էր պատճառը, որ իր մոտ առաջացել է միտքը` իրականացնելու մի ծրագիր, որը կօգնի ու երեխա ունենալու բերկրանք կպարգևի վերատադրողական խնդիրներ ունեցող ընտանիքներին:
«Ես իմ գաղափարը ներկայացրեցի «Արագիլ» հիմնադրամին, որտեղից էլ արագ արձագանքեցին»,- նշեց նա` հավելելով, որ արդյունքը նկատելի կլինի, եթե աշխարհի բոլոր հայերը, գործարարներն ու կազմակերպությունները համախմբվեն «Կյանք տուր նոր հայի» կարգախոսի շուրջ:«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, քանի որ առանց նրա աջակցության հնարավոր չէր լինի ծրագիրը կյանքի կոչել:
Ներկայացնելով հիմնադրամի գործունեության արդյունքները, Ս.Գաբրիելյանն ասաց, որ ծրագրին դիմել է 1242 զույգ, որոնցից 442-ը ստացել է ուղեգիր այս կամ այն բժշկական հաստատություններ: 224 զույգի մոտ բժշկական միջամտությունն արդեն ավարտել է, արդյունքում` գրանցվել է 112 հղիություն:
«Արդեն ծննդաբերել է 61 կին, որի արդյունքում ծնվել է 82 երեխա, 26 զույգ էլ այս պահին սպասում է երեխայի, իսկ 25 զույգի մոտ չի ստացվել պահպանել հղիությունը»,- նշեց Ս. Գաբրիելյանը:«Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցի խոսքերով` այս նախաձեռնությունը ապրիլի 24-ին ընդառաջ մեծ խորհուրդ ունի:
«Ապրիլի 24-ին բոլորս ալցելում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկ դնում անմար կրակին և հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Այս տարի մենք նախաձեռնեցինք այս ակցիան, որ այդ ծաղիկների փոխարեն յուրաքանչյուր հայ գնի մեկ անմոռուկ և դրանով օգնի անպտղությամբ տառապող անապահով ընտանիքներին»,- ասաց Կ.Թոխունցը` հավելելով, որ այդ միջոցներով հիմնադրամը արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու հնարավորություն կտա համապատասխան միջոցներ չունեցող ընտանիքներին:
Հիմնադրամի նշաձողը 1,5 միլիոն ծաղիկ հավաքելն է, ինչի արդյունքում կարող են օգնել վեց հազար զույգի: Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ է 4-5 հազար ԱՄՆ դոլար:
Կազմակերպիչները բոլորին կոչ են անում միանալ ակցիային ու գնել մի Անմոռուկ, ինչի շնորհիվ կծնվեն բազմաթիվ երեխաներ:
«Հիշի´ր, եթե դու օգնում ես լույս աշխարհ գալ մեկ երեխայի, դրանով դու վերածնում ես մի ողջ սերունդ: Եվ ուրեմն, Կատարիր Հրաշք: Մասնակցիր «Կյանքի ծաղիկ» ակցիային»,- ասում են ակցիայի նախաձեռնողները:Այսօր ավելի քան 9000 հայ ընտանիքների համար սերնդի շարունակելիությունը ամենացավոտ հարցերից մեկն է: Նրանք կարող են երեխա ունենալ՝ բացառապես վերարտադրողական բժշկության շնորհիվ: Արտամարմնային բեղմնավորման գործընթացի արժեքը շատ թանկ է, հատկապես, երբ դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է փորձել մի քանի անգամ: Այդ իսկ պատճառով էլ ընտանիքների մեծ մասը չեն կարող իրենց «թույլ տալ» ունենալ երկար սպասված երեխային: «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամն ստեղծվել է աջակցություն ցուցաբերելու այն ամուսնական զույգերին, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել ժամանակակից վերարտադրողական բժշկության ծառայություններից:
Աղբյուր` Panorama.am



