Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը։
2018թ. հունվար-հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2472 դեպք, այդ թվում` Վենեսուելայում՝ 1613, Բրազիլիայում՝ 677, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91, Կանադայում՝ 19, Կոլումբիայում՝ 40։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաև Արգենտինայում, Էկվադորում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Պերուում։ Հիվանդացածների մեծ մասը երեխաներ են։ Վենեսուելայում արձանագրված կարմրուկի 1613 դեպքից 44-ը մահացել են։
Ներկայում Լատինական Ամերիկայի երկրներում կարմրուկի բռնկումը պայմանավորված է ակտիվ միջտարածաշրջանային միգրացիայով։ Հիվանդության տարածման և կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` կարմրուկի դեմ պատվաստումներ ռիսկի խմբերում։
Այս տարի կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է գրանցվել նաև Եվրոպայում` դեպքերի տարածում է արձանգրվել 28 երկրում, վարակի տարածման 76 %-ը տեղային են։
Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցում է 2016-ին հաստատված դեպքերին։ Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով։
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը` այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք խնդրին և հորդորում. ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ և չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ։