Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնում է, որ այս տարի պետական հանրակրթական բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։

Առցանց հայտագրման մանրամասները ներկայացնում ենք ստորեւ.

 

1-ին փուլ

Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի եւ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
 
 
2-րդ փուլ

Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել է առաջնահերթություն։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետեւյալ հայտատուները՝

1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

 
 

3-րդ փուլ

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

 

Արտերկրում գտնվողների համար

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի եւ ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրամադրում են անձնագրային բաժինները հաշվառվելու դեպքում: