Բնակարանային ապահովման ի՞նչ ծրագրեր է նախատեսում Կառավարությունը երեխաներ ունեցող ընտանիքների համար

 

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության համար Կառավարությունը 2020 թ.-ի պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան կես միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

 

«Աջակցության ծրագրերը հետևյալն են․

 

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար

Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու եք, եթե`

  • Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:
  • Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`
  • Մինչև 1 մլն. դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),
  • Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

 

 

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին

Տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու եք, եթե`

  • Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:
  • Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝
  • Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 2 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,
  • Մինչև 1,5 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 4 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան»,–գրել է Ավինյանը։