«Կարծում եմ` Հայաստանն էլ պետք է երեխաներին քովիդի դեմ պատվաստումների ճանապարհով գնա». Լիլիթ Մարության. aravot.am

Քովիդ համավարակի իրավիճակը շարունակում է լարված մնալ, ամեն օր վարակից մեծ թվով մահացություն է գրանցվում, օր օրի նոր դեպքերի թիվն ավելանում է, այն հատել է 2000-ը․ գրում է «Առավոտ»-ը։

Պատվաստումների գործընթացն էլ դանդաղ է առաջ գնում՝ մոտ 7% է։ «Ուիգմոր Քլինիք»-ի մանկաբույժ, իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ վարակի նման տարածվածության պատճառը, բնականաբար, բնակչության՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է, պատվաստման գործընթացի ոչ բավարար ընթացքը, եւ, իհարկե, շրջանառվող Դելտա շտամը, որի վարակելիությունն, ի տարբերություն նախորդների, ավելի բարձր է։

«Արդեն կես տարի է՝ պատվաստանյութերը կան մեր երկրում, պատվաստման գործընթացը կես տարի է՝ սկսել է, քիչ ժամանակ չէ, բայց կան երկրներ, որտեղ կես տարուց էլ քիչ ժամանակահատվածում պատվաստումների 80-85%-ի են հասել, ինչը բավարար է, որ իրավիճակի բարելավում լինի»,-նշում է մասնագետը։ Կան օրեր, երբ պատվաստվողների թիվը մի քիչ ավելանում է, սակայն բժիշկն ասում է՝ մի օր մի քիչ ավել, մի օր մի քիչ պակաս պատվաստման ցուցանիշը իրավիճակ չի փոխում, եթե պատվաստումների ընդհանուր ցուցանիշն ընդամենը 7% է. «Սա շատ-շատ քիչ է։ Դելտա շտամի դեպքում, որպեսզի կոլելտիվ իմունիտետի դրական արդյունք լինի, պահանջվում է 85% ընդգրկվածություն։ Եթե առաջին շտամերի դեպքում փորձագետները նշում էին 60-70%, հիմա այս շտամն ավելի վարակիչ է, ուստի ավելի շատ մարդ պետք է ընդգրկել պատվաստումներում»։

Տիկին Մարությանի դիտարկմամբ՝ այս 7%-ն էլ ի հաշիվ ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագրի պահանջի էր. «Ու էլի շատերը նախընտրում են ինչ-որ ճանապարհներ գտնել՝ թեստեր անեն, նաեւ կան մարդիկ, ովքեր հավաստագրերը գնում են։ Սա վտանգավոր է, պետք է իրավապահներն այս ուղղությամբ շատ ուշադիր լինեն»։

Իր աշխատանքային փորձից ելնելով՝ տիկին Մարությանը նկատում է՝ երեխաների շրջանում էլ ավելացել են քովիդի դեպքերը, իրենց կլինիկա շատ են դիմում ծնողները, երբ երեխաները ջերմում են կամ քթից հոսում է․ սա, իհարկե, այս սեզոնին շատ տարածված գանգատ է, ու ծնողները ոչ էլ կասկածում են, որ քովիդով վարակված են։ Ընդ որում, ըստ բժշկի՝ աճել է ոչ միայն քովիդի, այլեւ շնչառական վարակներով հիվանդների թիվը։ Բժիշկներն արձանագրում են, որ ի տարբերություն մեկ տարի առաջվա դեպքերի՝ այսօր Դելտա շտամով հիվանդացությունը երեխաների ու երիտասարդների մոտ կլինիկորեն ավելի ծանր է ընթանում։

Սեպտեմբերին ուսումնական հաստատությունների բացվելն էլ դեր խաղաց հիվանդացության տարածման գործում, բայց բժիշկն ասում է՝ դրանից առաջ էլ կանխատեսումներ կային, որ նոր ալիք է լինելու, որովհետեւ երեխաները տարածող են, եւ քանի որ մինչեւ 18 տարեկան անձը չի կարող պատվաստվել, 18-ից բարձր տարիքի բնակչությանը եթե պատվաստեինք, էլի 0-18 տարեկանները տարածելու էին, եւ վարակի շղթան չէր փակվելու. «Դրա համար է, որ շատ շատ երկրներ սկսել են պատվաստել 16 տարեկանից։ Արդեն մի քանի օր է՝ տարբեր երկրներում որոշում են ընդունել 5-11 տարեկաններին էլ պատվաստել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ մինչեւ նշված տարիքն էլ չընդգրկվի, կոլեկտիվ իմունիտետը չի հասնելու այն մակարդակին, որ կանգնեցնի վիրուսի տարածումը։ Կարծում եմ Հայաստանն էլ պետք է այդ ճանապարհով գնա»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Շարունակությունը՝ այստեղ