2012թ. հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ծնունդների թիվը նվազել է 5.7%-ով:
Ինչպես հաղորդում է "Մեդիամաքսը", այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ծնելիության ցուցանիշներով առաջին տեղերում են Արարատի, Արմավիրի մարզերը եւ Երեւանը, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքի մարզում:
Դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանի կարծիքով, այս տարվա առաջին եռամսյակային տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում բնակչության նվազում:
“Մեր կանխատեսումներով, այս եւ հաջորդող տարիներին ծնելիության նվազումը շարունակվելու է, քանի որ ներկայումս վերարտադրողական տարիքում են գտնվում 1990-ականների սկզբին եւ կեսին ծնված քաղաքացիները, որոնց թիվն արդեն իսկ փոքր է”,- նկատել է մասնագետը:
Նրա գնահատմամբ, բնակչության նվազումը կանգնեցնելու համար յուրաքանչյուր ընտանիքում պետք է ծնվի առնվազն 2-3 երեխա:
Դեմոգրաֆը նաեւ նշել է, որ բնակչության աճի բացասական տեմպերը վկայում են այն մասին, որ պետության ձեռնարկած միջոցառումները ծնելիության բարձրացման ուղղությամբ արդյունավետ չեն:
2012թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 4668 ամուսնություն, ինչը 1.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ամուսնալուծությունների թիվը տարվա առաջին եռամսյակում աճել 0.4 %-ով:
Yerkirmedia.am