Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 10 երեխա. հայտնի է՝ մանկական զարգացման որ կենտրոնի սաներ են տուժածները

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա:

Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:

Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:

Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: