Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը ազդել երեխաների վրա․ հարցի պատասխանը ստանալու համար «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ուիգմոր քլինիք»-ի մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի հետ։
- Կորոնավիրուսով վարակվածների թվում, ասում են, միայն մեծահասակներ են․ մի՞թե փոքրերին վտանգ չի սպառնում։
-Եղած համաճարակաբանական տվյալների համաձայն՝ երեխաները նոր կորոնավորուսային վարակով՝ covid-19, հիվանդանում են ավելի հազվադեպ, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ չնայած երեխաներին ծանր կորոնավիրուսային վարակ բնորոշ չէ, սա չի նշանակում, որ նրանք չեն կարող լինել վարակի կրող եւ փոխանցող։
- Ո՞ր տարիքի երեխաներն են առավելապես ապահովագրված վիրուսից։
- Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ covid-19 վարակով հաստատված 44,672 հիվանդների շրջանում մինչեւ 10 տարեկան երեխաները կազմել են դեպքերի 1 տոկոսից ցածր մասը՝ 1023 դեպք, եւ այս բոլոր դեպքերում հիվանդության ելքը եղել է առողջացումը։
- Ո՞րն է պատճառը, որ երեխաները առավել պաշտպանված են այդ վիրուսից։
-Թե ինչով կարելի է նշված փաստը բացատրել, դեռ ամբողջությամբ պարզաբանված չէ։ Նշվածը կարող է պայմանավորված լինել երեխաների իմունային համակարգի առանձնահատկությամբ։
Ենթադրվում է, որ երեխաներին կարող է պաշտպանել կյանքի ընթացքում կորոնավիրուսային խմբի այլ վիրուսների հետ քիչ շփումը, ինչի արդյունքում իմուն համակարգը չունի նախապես ձեւավորած հատուկ հակամարմիններ, հետեւաբար նաեւ գերդրդված ռեզոնանս կորոնավիրուսի դեմ։
- Երեխայի ո՞ր ֆիզիկական հատկանիշի շնորհիվ է նա առավել պաշտպանված։
-Covid-19 վարակի հիմնական բարդությունը չափահասների շրջանում սուր շնչառական դիսթրես համախտանիշի զարգացումն է, որի ժամանակ իմուն համակարգը կորոնավիրուսին տալիս է գերդրդված պատասխան եւ առաջացնում թոքերի վնասում։ Չնայած իմուն համակարգի այս գերդրդված պատասխանը ուղղված է վիրուսի դեմ` այն ավարտվում է թոքերում թթվածնի յուրացման պաշարումով։ Քանի որ երեխաների իմուն համակարգը դեռ վերջնական ձեւավորված չէ, ենթադրվում է, որ նոր կորոնավիրուսային վարակի ժամանակ իմուն պատասխանը ավելի թույլ է, ինչի արդյունքում թոքերի ինքնավնասում չի առաջանում։
Կատարված հետազոտություններով հաստատվել է, որ նոր կորոնավիրուսային վարակի ժամանակ երեխաները արտադրել են ավելի քիչ քանակի բորբոքային միջնորդանյութեր (ցիտոկիններ), որոնց գերարտադրությունը կարող էր թոքերի վնասման պատճառ դառնալ։
Սակայն վերը նշվածով հնարավոր չէ բացատրել, թե ինչու երեխաների իմուն համակարգը տարբեր է արձագանքում, օրինակ, գրիպի վիրուսին եւ կորոնավիրուսին։
- Մայրիկներին ի՞նչ է խորհուրդ տրվում, ինչպե՞ս փոքրերին զերծ պահել վիրուսից, պաշտպանելու համար ի՞նչ միջոցներ ձեռք առնել
-Հաճախ լվացվել՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, իսկ լվացվելու հնարավորություն չունենալու դեպքում օգտագործել սպիրտային լուծույթ, պահպանել սոցիալական տարածություն՝ 2 մետրից ավելի, հասարական վայրերում չլինել, շնչառական վարակով մարդականց հետ շփումը նվազեցնել և մնալ տանը։ Սրանք բոլորին հայտնի դասական մեթոդներն են, որոնց պետք է հետևել։
- Վերջին օրերին Լոնդոնում կորոնավիրուսի դեպք գրանցվեց նորածնի մոտ։ Ըստ Ձեզ՝ փոքրիկն այն ձեռք է բերել արգանդայի՞ն փուլում։
-Մեկական նմանօրինակ դեպքեր են գրանցվել Լոնդոնում և Չինաստանում։ Երկու դեպքում էլ հնարավոր չէ բացատրել՝ արդյոք վարակվել է ծննդից հետո, թե ներարգանդային կյանքում, քանի որ նմուշառումը կատարվել էր ծննդից ժամեր անց։