Իտալիայից հատուկ չվերթով ժամանածները մեկուսացվել են Դիլիջանում

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: 

Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահմանում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, պաշտպանության նախարարությունը կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ եւ համաճարակային միջոցառումների կազմակերպման եւ բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար: 

«Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման եւ վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որեւէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի», - հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: