Լոռու մարզում իջել է ծնելիության մակարդակը

Օգոստոսի 30-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լսվել է 966 նորածին երեխայի ճիչ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած այս ցուցանիշը նվազել է 87 ծնունդով:

Ծնելիության մակարդակի նվազում է նկատվում ոչ միայն Լոռու մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում, նշեց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, հավելելով, որ նվազումը

պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից է նաեւ այն, որ վերջին տարիներին ծնողները հիմնականում ցանկանում են ունենալ արական սեռի երեխա, ինչն էլ տանում է հղիության արհեստական ընդհատման:

-Ինձ թվում է, այս հարցը պետք է օրենսդրական դաշտում կարգավորել, որովհետեւ սա ինքնուրույն չի լուծվի: Պետք է մտածել մի այնպիսի իրավական դաշտ ստեղծել, որպեսզի արգելվի երեխայի սեռը հայտնել: Այլապես, եթե ամուսինները իմացան երեխայի իրենց ոչ ցանկալի սեռը, ապա իրենք անպայման կհեռացնեն, տարբեր միջոցներով ու ձեւերով, թե բժշկական հիմանարկներում, եւ թե արտահիվանդանոցային պայմաններում,-նշեց Ա. Ավալյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցված վերջին 200 ծնունդների մեջ եւս գերակշռողը տղաներն են: Նրանց թիվը կազմում է 124, իսկ աղջիկներինը` 76:

Ա.Ավալյանը նշեց նաեւ, որ բաժանմունքում վերջին 10 տարիների ընթացքում մայրական մահացիության դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել, սակայն այս տարի գրանցվել է արդեն 7 մեռելածնության դեպք:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը սպասարկում է Վանաձորը եւ հարակից գյուղերը, Սպիտակի, Ստեփանավանի եւ Ալավերդու տարածաշրջանները: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ ապագա մայրերը ցանկանում են օգտվել մայրաքաղաքի ծննդատների ծառայություններից:

-Երբեմն էլ մենք ենք բարձր ռիսկային հղիներին ուղեգրում Երեւան: Բայց որ ծնունդների թիվն արդեն իսկ պակաս է, փաստ է: Տարվա վերջում, եթե նմանատիպ խնդիր առաջանա, կփորձենք ճշտել` Երեւան գնացողները շատ են, թե տպավորությունն է էդպիսին, եւ արդյոք դրանով է պայմանավորված նվազումը,-հավելեց բաժանմունքի վարիչը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2010 թվականին ՀՀ-ում ծնվել է 44.825 երեխա, որից՝ 23.969-ը տղա, իսկ 20.856-ը աղջիկ: 2011 թվականին ծնվել է 43.447 երեխա, որից 23.160 տղա, 20.227 աղջիկ: 2012 թվականին հանրապետությունում գրանցվել էր 42.330 ծնունդ` 22.712 տղա եւ 19.618 աղջիկ:

Տաթեւիկ Ղազարյան

http://www.asparez.am