Գայանե Ավագյան. Անպտղության ցուցանիշը նվազել է

2000 թվականի համեմատ Հայաստանում անպտղության մակարդակը նվազել է 2,5 անգամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

«2000 թվականին առաջնային և երկրորդային անպտղության մակարդակը կազմել է 39,1 տոկոս: 2010-ին գրանցվել է 16,8 տոկոս անպտղության դեպք: 2014-ին առանջնային անպտղության տոկոսը կազմել է 4,3, երկրորդայինը` 10,6»,-տեղեկացրեց բանախոսը:

Նրա խոսքերով իրենք ավելի շատ աշխատում են երկրորդային անպտղության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ: Նա բացատրեց, որ երկրորդային անպտղությունը, երբ կինը ունեցել է հղիություն և հետո կորցրել է հղիանալու հնարավորությունը, ինչը որոշակի ձեռքբերովի պատճառներով է պայմանավորված` աբորտներ, կենսակերպի խանգարումներ, սեռավարակներ և այլն: 

«Հայաստանում գործում է «Արագիլ» ծրագիրը, որով անպտուղ ամուսանական զույգերը հնարավորություն են ստանում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը՝ ավելացնելով ամեն տարի այս միջոցառումների շնորհիվ ծնվում է 1000 երեխա:

 

Աղբյուր` Panorama.am