Սեքսոպաթոլոգ. Բազմակնությամբ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրները չեն լուծվի

«Հայաստանի դեմոգրաֆիական տխուր ցուցանիշները պայմանավորված են նաև արտագաղթով, անպտղության, ամուսնալուծության ցուցանիշների աճով: Դեմոգրաֆիական խնդիրները բազմակնությամբ չեն լուծվի»,- ասուլիսում նման դիտարկում արեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բազմակնությամբ կարելի է մեր երկրի դեմոգրաֆիական ցուցանիշները փոխել:

Ըստ նրա, հայ ժողովուրդն աչքի է ընկել կայուն ավանդույթներով, պահպանել ու կերտել է իր ազգային

նկարագիրը: Այսինքն, ըստ նրա, բազմակնությունը օրինականացնելը քաոսային վիճակ կառաջացնի մեր երկրում:

«Պետք է տարբերակներ առաջարկել, որ անպտուղ զույգերը լուծումներ գտնեն: Բուժումն այսօր բավականին թանկ է, ինչն էլ հանգեցնում է ծնելիության նվազման: Պետք է շեշտը դնել ընտանիքի ամուր հիմքերի ստեղծման վրա: Եթե ծնելիության խնդիրը լուծելու համար դիմենք բազմակնության, այդ դեպքում ո՞ւր մնաց ընտանիքի ամրությունը, ներդաշնակությունը»,- ասաց Վ. Շահրամանյանը: 

Ասուլիսին ներկա հոգեբան Սիրինա Առաքելյանի խոսքով, ժողովրդագրական խնդիրներ լուծելու բազմաթիվ տարբերակներ կան. «Այլ մշակույթի մոդելը վերցնելն ու տեղայնացնելը կարող է հայ հասարակության մեջ բավականին զավեշտալի վիճակ առաջացնել, անհարկի թվալ: Բազմակնությունը հոգեհարազատ չէ հայ կնոջ հոգեբանությանը, այսինքն` հեշտ չի տեղայնացվի: Շատ հայ կանայք չեն համակերպվի»: 

Նրա կարծիքով, ժողովրդագրական խնդիրները կարելի է լուծել բազմազավակ ծնողների, ընտանիքների համար լավ պայմաններ ապահովելով, բիզնես կամ այլ գործունեության ծավալելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելով, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով:

Աղբյուր` Panorama.am